«Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցը կախված է Հայաստանի կարողությունների հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները, այսօր խորհրդարանում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ սա Երևանի հստակ դիրքորոշումն է:
«Ազատություն». - Տեղեկացանք, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու դիմում կա։ Դուք տեղյա՞կ եք՝ նրանց ժամկետներ են ներկայացվել, ի՞նչ դիմումի մասին է խոսքը։
Հռիփսիմե Գրիգորյան. - Այո, ժամկետների մասին կդժվարանամ ասել, բայց կարող եմ ասել, որ այս խոսակցությունն արդեն մի որոշ ժամանակ ծավալվում էր, և այն ուղղակիորեն կապված է հենց Հայաստանի կարողությունների հետ՝ ծառայությունն իրականացնել ինքնուրույն, և սրանով պայմանավորված՝ Հայաստանը պաշտոնապես դիմել է և տեղեկացրել է ռուս գործընկերներին այս մասին, պաշտոնական նամակ է հղվել, և կարծում եմ՝ գործընթացը կընթանա։
«Ազատություն». - Իսկ եթե ոչ, կա՞ն իրավական հիմքեր՝ նրանց դուրս հանելու համար։
Հռիփսիմե Գրիգորյան. - Ես կնախընտրեի առաջ չընկնել այս պահին, քանի որ գործընթաց է գնում, և չունենալ այդպիսի ոչ վատատեսական, ոչ էլ որևէ առումով վստահ լավատեսական կանխագուշակություններ։ Եկեք, ուղղակի սպասենք, գործընթացը գնում է, Հայաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, մենք լսել ենք նաև ռուսական կողմից պատասխաններ այն մասին, որ մեզ ոչինչ չեն ուղարկել։ Մենք էլ նշեցինք, որ ուղարկվել է, պաշտոնապես ծանուցվել է։ Կարծում եմ՝ սա է ճիշտ ճանապարհը, և սպասենք արդյունքներին։
«Ազատություն». - Ինչպե՞ս կարձագանքեք ՌԴ արտգործնախարարի զգուշացումներին, որ Հայաստանի արևմտյան կողմնորոշման դեպքում կլինեն հետևանքներ։
Հռիփսիմե Գրիգորյան. - Պետք է Լավրովին հարցնել՝ ինչ է նշանակում՝ կլինեն հետևանքներ, ինչ է նշանակում Հայաստանի արևմտյան կողմնորոշում։ Հայաստանն ունի կողմնորոշում, այն է՝ ՀՀ անվտանգային շահերը, տնտեսական, էներգետիկ շահերը, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության պետական շահը։
Մանրամասները՝ տեսանյութում.