Մատչելիության հղումներ

Օրակարգում նաև հռչակագրի հարցն է եղել. վարչապետը հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին


Սահմանադրությունից Հայաստանի Անկախության հռչակագրի հղումը հանելու աղմկոտ քննարկումներից հետո վարչապետ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին։ Օրակարգում հռչակագրի հարցն էլ է եղել, ասում է խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։

«Միակ բանն այն է, որ սա պետք է քննարկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն այլաբանությամբ է բացատրել՝ հռչակագիրը Սահմանադրությունում թողնելը վտանգավոր է։ Բաքվից էլ Սահմանադրությունը փոխելու պահանջ հնչել է՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտում են տեսնում։ Հայ պաշտոնյաները հայտարարել են, թե օրենսդրությունը փոխելը Հայաստանի ներքին գործն է։

Քննարկումները հռչակագրի թեմայով սկսվեցին հունվարից։ Փաշինյանը խորհրդի անդամներին հանդիպել է անցած շաբաթ, բայց այդ մասին պաշտոնապես չի հրապարակվել։ Ինչ է քննարկել խորհրդի հետ, Իոաննիսյանն ասում է. - «Քննարկվեց Սահմանադրության թե նախաբանը, թե հռչակագիրը, բայց որևիցե բան չենք որոշել»։

Թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը կոշտ քննադատեց Անկախության հռչակագրի վերաբերյալ իշխանության մեկնաբանությունները։ Պնդում են, թե դա ոչ խաղաղության պայմանագրին է խոչընդոտում, ոչ էլ պատերազմի սպառնալիք է, Բաքվի հերթական պահանջն է։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգմավոր Արծվիկ Մինասյանը կասկածում է, որ իշխանությունը կընդունի սխալը և հանգիստ կթողնի Անկախության հռչակագրի թեման։

«Ես խիստ կասկածում եմ, որ իրենք այդքան կամք ու վճռականություն ունենան՝ ընդունելու իրենց սխալները, հասկանալու, որ չի կարելի մեր պետականության հիմքը հանդիսացող սկզբունքները, պատմաիրավական-քաղաքական հանգամանքները ուրանալ, մոռանալ կամ մի կողմ թողնել, թե ինչ է՝ ինչ-որ անձ կամ կենտրոններ, ուժեր պահանջում են», - ասաց նա։

Վարչապետի հետ հանդիպումներ էլի կլինեն, ասում է Դանիել Իոաննիսյանը, իսկ հանրաքվեն խիստ անորոշ է, ըստ նրա՝ ոչ այս, ոչ էլ մյուս տարի հավանական չէ. - «Ցավոք սրտի, ՀՀ-ն այն վիճակում չէ, որ կարողանա հանրային ուշադրությունը գրավել սահմանադրական բարեփոխումների վրա»։

Իսկ ինչ որոշում ունի իշխանությունը այս հարցի հետ կապված. Փաշինյանի թիմակից, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հրաժարվեց խոսել, միայն ասաց՝ հանձնաժողովը շարունակում է իր գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG