Մատչելիության հղումներ

«Որոշ ուկրաինացի հրամանատարների սխալները բարդացրել են իրավիճակը». Սիրսկի


Իրադրությունը ռազմաճակատում շարունակում է բարդ մնալ, և դրա պատճառներից մեկը ուկրաինացի որոշ հրամանատարների թույլ տված սխալներն են, Ուկրաինայի զինված ուժերի նորանշանակ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այս մասին սոցիալական ցանցերի իր օգտահաշիվներում գրել է այսօր առավոտյան՝ ճակատային գիծ կատարած այցից հետո։

«Իրադրությունը լարված է հատկապես Ավդեևկայի և Զապորոժիեյի ուղղություններում, որտեղ ռուսական գրոհային ստորաբաժանումները փորձում են ճեղքել ուկրաինական պաշտպանությունն ու գրավել մի շարք բնակավայրեր», - հայտարարել է Սիրսկին՝ պնդելով, որ ուկրաինական բանակի ստորաբաժանումներից մի քանիսի հրամանատարների գործողությունները նպաստում են ռուսների հաջողությանը։

«Առանձին հրամանատարների աշխատանքում սխալներ են հայտնաբերվել հատկապես իրավիճակին տիրապետելու և թշնամու կարողությունները գնահատելու հարցում, ինչը ուղղակիորեն ազդել է ռազմաճակատի որոշ հատվածների պաշտպանունակության վրա», - ասել է նա՝ ընդգծելով, որ չնայած առկա խնդիրներին՝ վերջին 24 ժամերին ուկրաինացի զինվորականներին հաջողվել է որոշակի տեղային հաջողություններ արձանագրել, մասնավորաբար ռուսական զորքերին դուրս մղելով Ավդեևկայից մոտ հինգ կիլոմետր արևմուտք գտնվող Օրլովկա գյուղից։

Ժամեր անց ուկրաինական բանակի հրամանատարը հանդես եկավ մի շարք նոր գրառումներով՝ նաև լուսանկարներ հրապարակելով երկրի արևելքում գտնվող հրմանատարական կետից։ Սոցիալական ցանցերում հրապարակված այս գրառումները թերևս նպատակ ունեին ցրել Սիրսկու առավոտյան հնչեցված հայտարարությունների հոռետեսական տրամադրությունը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը տեղեկացնում էր վերջին մեկ օրում Մարիուպոլի և Ավդեևկայի ուղղություններում ոչնչացված երկու ռուսական Су-34 օդանավերի մասին, ինչպես նաև պնդում էր, որ այս փուլում ուկրաինական զորքերի թիվ մեկ խնդիրը վերջին շաբաթներին կորսված դիրքերը հետ բերելն է՝ նախ և առաջ Ավդեևկայի հատվածում։

Ուկրաինայի արևելքում ծառայող շարքային զինվորականները, սակայն, հրամանատարական կազմի լավատեսությունը չեն կիսում։ Բախմուտի մերձակայքում կռվող ուկրաինացի զինվորները խոստովանում են՝ առանց ծանր սպառազինության մատակարարումների ռուսական ուժերին հետ մղելը գրեթե անհնարին կլինի։

«Թշնամին ակտիվացել է բոլոր ուղղություններով, վերջին հաջողությունները նրանց ոգևորել են։ Չնայած դրան մենք փորձում ենք պահել ճակատը։ Ամեն ինչ, սակայն, կախված է ծանր զենքերի առկայությունից։ Առանց նման սպառազինության, առանց ավիացիայի մենք ստիպված ենք լինելու խուլ պաշտպանության անցնել, և ուշ թե շուտ ռազմաճակատը կսկսի քայքայվել»,- Reuters-ի հետ զրույցում նշել է Բախմուտի մերձակայքում ծառայող ուկրաինացի զինվորականներից մեկը։

Ուկրաինացիների համար իրադրությունը բարդ է նաև ռազմաճակատի հարավային հատվածում։ Ռուսական ոչ պաշտոնական աղբյուրները երեկ երեկոյան սկսեցին տեղեկություններ տարածել այն մասին, որ կանխվել է ուկրաինացի հատուկ ջոկատայինների դեսանտային գործողությունը Խերսոնի մարզի մեջ մտնող Թենդրա սևծովյան կղզում։ Կեսգիշերն անց այս տեղեկությունը հաստատեց նաև պաշտոնական Կիևը։

Ուկրաինայի հատուկ գործողությունների ծառայությունը իր Տելեգրամ ալիքում տեղեկացրեց, որ հիմնական ուժերի նահանջն ապահովելու ընթացքում «հերոսաբար զոհվել են 73-րդ ծովային կենտրոնի մարտիկներից մի քանիսը»։

Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ ծովային հետևակի էլիտար ստորաբաժանումներից մեկը համարվող 73-րդ կենտրոնի զինծառայողները փորձել էին ափհանում իրականացնել Սև ծովից Դնեպր գետի մուտքը վերահսկող այս կղզի, ինչը կանխվել էր ռուսաստանցի զինվորականների կողմից։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ այս գործողության ընթացքում սպանվել է ուկրաինական էլիտար ստորաբաժանման առնվազն 25 զինծառայող, ևս մեկը գերեվարվել է։

Բայց չնայած ռազմաճակատում տիրող այս ծանր կացությանն ու օրեցօր ավելի ակնհայտ դարձող սպառազինության պակասին, ուկրաինացի բարձրաստիճան զինվորականները հրաժարվում են դիտարկել հրադադարի հնարավորությունը։ Հակամարտության սառեցումը բացառող հերթական հայտարարությունների հեղինակն է դարձել Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը կանադական CBC-ի հետ զրույցում։

«Ռուսները շատ երջանիկ կլինեն, եթե ամեն ինչ սառեցվի ներկա վիճակում։ Նրանց ցանկությունն է, որ մենք արդեն իսկ իրենց կողմից գրաված տարածքները Ռուսաստանի մաս ճանաչենք, իրենք էլ հաղթանակ տոնեն»,- պնդել է Բուդանովը՝ բացառելով նման պայմաններով հրադադարի հնարավորությունը, - «Նման բան երբեք տեղի չի ունենա»։

XS
SM
MD
LG