Ռուսական զորքերը վերջին 24 ժամվա ընթացքում հինգ հրթիռային և 125 ավիահարված են հասցրել, ինչպես նաև հրթիռային համակարգերից 124 հարձակում են իրականացրել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ, հաղորդում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի այսօրվա հայտարարությունը։
Ըստ ԳՇ-ի՝ առաջնագծում մեկ օրում գրանցել է 66 ռազմական բախում։ «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի գիշերային օդային հարձակման հետևանքները պարզվում են։
«Հրետանային կրակի տակ են հայտնվել Չերնիգովի, Սումիի, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ավելի քան 110 բնակավայրեր »,- ասվում է հայտարարությունում։
Ավդեևկայի անկումից օրեր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է՝ իրավիճակը ճակատում ծայրահեղ ծանր է: