Մատչելիության հղումներ

Մոսկվան՝ Կիևի դեմ հարձակման պլանների, Ստոլտենբերգը՝ ամերիկյան կործանիչներով ռուսական թիրախների ոչնչացման մասին


Ուկրաինացի զինծառայողը Խերսոնի մատույցներում, արխիվ
Ուկրաինացի զինծառայողը Խերսոնի մատույցներում, արխիվ

Ուկրաինայի զինուժը հաստատել է օկուպացված Խերսոնում գտնվող ռուսական զորավարժարանին հասցրած հարվածը, որի հետևանքով զոհվել է առնվազն 60 ռուս զինծառայող։ Միաժամանակ, Կիևը կտրականապես հերքում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պնդումը, թե ռուսական ուժերը գրավել են Կրինկայի ուկրաինական կամուրջը։

«Առնվազն երեք հարված է հասցվել ռուսական զորքերին, որոնք տեղակայված էին Նովայա Կախովկայի մոտ գտնվող զորավարժարանում», - հայտարարել է Ուկրաինայի հարավային պաշտպանության ուժերի խոսնակ Նատալյա Գումենյուկը։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել կատարվածը, անկախ աղբյուրներին առայժմ չի հաջողվել ինքնուրույն ստուգել տեղեկատվությունը։ Հստակ չէ ինչպես Կրինկայի, այնպես էլ Պոբեդա գյուղի ճակատագիրը: Մոսկվան պնդում է, որ երկու բնակավայրերն էլ ռուսական վերահսկողության տակ են անցել:

Դոնեցկի մարզի Պոբեդա գյուղի համար մարտեր էին ընթանում շաբաթներ շարունակ։ Ըստ փորձագետների՝ այդ գյուղի գրավմամբ ռուսական կողմն ընդամենը 1-2 կիլոմետրի առաջխաղացում է արձանագրել, սակայն կարող է այն ռազմավարական հենակետ դարձնել հետագա գրոհների համար:

Ուկրաինական ճակատում իրավիճակը ծայրաստիճան լարվել է հատկապես Ավդեևկայի կորստից հետո։ Քաղաքը գրավելուց հետո ռուսական զորքը միաժամանակ գրոհում է երեք ուղղություններով՝ Զապորոժիեի, Խարկովի և Դոնեցկի մարզերում։ Կիևի համոզմամբ՝ Մոսկվան օգտվում է ուկրաինական բանակին արևմտյան սպառազինության մատակարարումների ձգձգումից։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում հավաստիացնում էր, որ թեև Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում հետաձգվում է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի հաստատումը, այլ երկրներ՝ այդ թվում Շվեդիան, Կանադան, Ճապոնիան, մեծացնում են իրենց աջակցությունը։ Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշնակիցներից F-16 կործանիչները ստանալու դեպքում Ուկրաինան նույնիսկ կկարողանա հարվածներ հասցնել երկրի սահմաններից դուրս գտնվող ռուսական ռազմական թիրախներին:

Միջազգային ռազմաօդային ուժերի կոալիցիան, որը գլխավորում է Դանիան, Նիդերլանդների և ԱՄՆ-ի հետ միասին, հայտարարել է, որ Ուկրաինան ամերիկյան արտադրության առաջին F-16 կործանիչները կարող է ստանալ արդեն այս ամռանը։ Մատակարարումները, ինչպես նշվում է հաղորդագրությունում, հիմնականում կախված են մի շարք գործոններից՝ ուկրաինացի օդաչուների և օժանդակ անձնակազմի ուսուցման ժամկետներից, անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների առկայությունից և Ուկրաինայի համապատասխան ենթակառուցվածքներից։

Ուղիղ երկու տարի Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը դիմակայող Ուկրաինան, որն արդեն կորցրել է իր տարածքի ավելի քան մեկ քառորդը, ոչ միայն սպառազինության, այլև զինվորականների պակասի լրջագույն խնդիրների է բախվել։ Եվ եթե զենքի հարցում Կիևի դաշնակիցները պատրաստ են օգնել, ապա զինանձնակազմը բնակչության թվաքանակով երեք անգամ հակառակորդին զիջող Ուկրաինան ստիպված է սեփական ռեսուրսներով համալրել։

Առայժմ հստակ չէ՝ արդյոք Զելենսկու կառավարությանը կհաջողվի կես միլիոն մարդ ներգրավել զինված ուժերում, ինչպես պահանջում է երկրի ռազմական ղեկավարությունը։ Առաջարկը դեռ թեժ քննարկումների փուլում է, այլ պլանի, ինչպես նաև խաղաղության շուրջ բանակցությունների մասին չի խոսվում։

Ռուսաստանը, որն ուկրաինական զինվորականների պնդմամբ՝ պատերազմի ընթացքում ոչ միայն իրանական անօդաչուներ, այլև հյուսիսկորեական հրթիռներ է արդեն սկսել կիրառել, ավելի հեռուն գնացող պլանների մասին է հայտարարում:

Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն է պնդել, թե Ուկրաինայի մայրաքաղաքը «ռուսական քաղաք է, որն այժմ կառավարվում է Ռուսաստանի հակառակորդների միջազգային բրիգադի կողմից՝ ԱՄՆ գլխավորությամբ»։

«Որտե՞ղ պետք է ավարտվի հատուկ ռազմական գործողությունը։ Արդյո՞ք դա Կիևն է լինելու։ Երևի հենց Կիևն էլ պետք է լինի։ Եթե ոչ հիմա, ապա գոնե որոշ ժամանակ անց, հակամարտության որևէ այլ փուլում դա կարող է տեղի ունենալ», - հայտարարել է Մեդվեդևը։

XS
SM
MD
LG