Մատչելիության հղումներ

ՀՀ-ն պետք է մտածի Եվրամիությանն անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին. ԱԺ նախագահ


Հայաստանի իշխանությունները երբեք չեն քննարկել ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է մտածի Եվրամիությանն անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին:

«Մենք պատրաստ ենք ու շարժվելու ենք էն ուղղությամբ, որը որ մեզ առավել անվտանգություն կապահովի, և այսօր ժողովրդավարությունը, ժողովրդավար երկիր լինելը, մեր անվտանգային, կարելի է ասել, ամենամեծ համակարգն է», - ասաց Սիմոնյանը՝ շեշտելով մեր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է։

«Որոշում է վաղուց կայացված Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար որևիցե միջոց չխնայել, բայց ինչ-որ վեկտոր փոխելու կամ նման քննարկում տեղի չի ունեցել։ Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, մենք քննարկում ենք՝ ինչ անենք, որ նվազեցնենք վտանգները, որոնք Հայաստանի Հանրապետությանը կարող են սպառնալ», - նշեց նա։

Դիտարկմանը, թե սա չի՞ նշանակում, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, ինչո՞ւ են հերքում դա, ԱԺ խոսնակն ասաց. - «Որովհետև չեմ ուզում շտապել, երկրորդը՝ չեմ ուզում, որ ստացվի, որ միակողմանի ինչ-որ քայլ է արվում, և կարելի է ասել՝ մեր գործողությունները ցույց են տալիս, որ մենք մեր նույնիսկ ցուցանիշներով շատ ավելի բարձր ցուցանիշներ ունենք ժողովրդավարության, քան մեր շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն Եվրամիության անդամ են, և դա չենք ասում մենք, ասում են Եվրամիության մեր գործընկերները բանաձևերով և այլն։ Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք, բայց նորից ես չեմ ուզում շտապել, քայլ անել, որովհետև պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»։

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, ամեն դեպքում, ԱԺ նախագահի խոսքով, կայացված չէ։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ վարչապետը չի բացառում դա, և արդյոք դա կարող է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. - «Չգիտեմ՝ արդեն ինչ խնդիր պետք է ստեղծի, հարձակվի՞ մեզ վրա, սանկցիաներ կիրառի՞, արդեն ի՞նչ պետք է անի, մենք պաշտպանության կարիք ունեինք, թե Լեռնային Ղարաբաղի մասին եմ խոսում, թե ՀՀ ինքնիշխան տարածքի մասին, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում, չեն էլ ասում, որ չեն օգնելու, ասում են՝ դե լավ, տեսնենք, մտածենք, հասկանանք, բայց մեր երկիրն ու մեր մարդիկ անսահման ու անծայրածիր չեն, և մենք այդքան ռեսուրս չունենք, որպեսզի մեր երեխաների, մեր տղաների և մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեզ մեր դաշնակիցը, որը դաշնակից է թե ՀԱՊԿ-ով, թե ուղիղ պայմանագրով երբ է օգնելու։ Գցում են իրենց վրայից {դաշնակցային} պարտավորությունները»։

Հայաստանի վարչապետն օրերս Փարիզում հայտարարել էր՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: Նա կրկին քննադատել էր ռազմական դաշինքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

Ռուսական կողմը պարզաբանումներ է պահանջել ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ՝ շեշտելով՝ հայկական կողմը պետք է հստակեցնի՝ ինչ է իրականում թաքնված այդ հայտարարության հետևում։

Երեկ էլ Փաշինյանը արդեն խորհրդարանում չբացառեց, որ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Մեկնաբանելով ընդդիմությունը մտահոգությունները, որ այլընտրանքները ՀԱՊԿ-ին, 102-րդ ռազմաբազային, սահմանապահներին բավարար չեն՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ իշխանությունները ևս մտահոգված են, սակայն իրենց համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում։

«Որևիցե մեկը ռազմաբազայի մասին չի խոսում», - շեշտեց նա՝ հավելելով, - «Հիմա մենք փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ մեր պետությունը պաշտպանելու համար։ Հիմա եթե դա ինչ-որ մի անվտանգային համակարգին խանգարում է, դա իրենց խնդիրն է։ Իրենք իրենց պարտավորությունները, ակնհայտ է, որ չեն կատարում»։

Տես նաև այստեղ

XS
SM
MD
LG