Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Փաշինյանն այդ մասին խոսեց այսօր խորհրդարանում՝ պատասխանելով ընդդիմադիրներից մեկի հարցին՝ ի՞նչ է կատարվում Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում։
«Մենք հարց ենք տվել՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, և մինչև այսօր պատասխան չենք ստացել, ինչը սպառնալիքներ է ստեղծում»,- հայտարարեց Փաշինյանը, հավելելով, - «ՀԱՊԿ-ը փոխանակ կատարելու Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, ընդհակառակը՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի համար»։
Պնդելով, որ այս հարցի հստակեցման շուրջ ռազմական կառույցի հետ բանակցություններն անցած տարիներին արդյունք չեն տվել, Հայաստանի վարչապետը հայտարարեց. - «Հիմա մենք դե ֆակտո ենք սառեցրել {անդամակցությունը}, և եթե էս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք, ի՞նչ անենք ուրիշ: 23 թվականն էլ անցավ, մենք պետք է դիրքավորվենք»։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը նպատակ չունի ՀԱՊԿ-ին ներքաշել ռազմական կոնֆլիկտի մեջ, սակայն դաշինքի անդամ երկրի տարածքային ամբողջականությունը խախտվել է, «այդտեղ երևում է այդ կազմակերպության լրջությունը»:
«Մենք չենք ասել՝ եկեք ռազմական խնդիր լուծեք, ասել ենք՝ քաղաքական և դիվանագիտական գնահատական տվեք և պատասխանեք մեկ հարցի, թե որն է ՀՀ տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն օրերս Փարիզում հայտարարել էր՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: Նա կրկին քննադատել էր ռազմական դաշինքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:
Ռուսական կողմը պարզաբանումներ է պահանջել ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ՝ շեշտելով՝ հայկական կողմը պետք է հստակեցնի՝ ինչ է իրականում թաքնված այդ հայտարարության հետևում։