Մատչելիության հղումներ

Ո՞րն է «նոր կոնտեքստը» հայ-ուկրաինական հարաբերություններում


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպում են Մալթայում, 28-ը հոկտեմբերի, 2023թ.
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հանդիպում են Մալթայում, 28-ը հոկտեմբերի, 2023թ.

Հայ-ուկրաինական հարաբերություններում ի՞նչ «նոր կոնտեքստ» կա: «Նոր կոնտեքստի» մասին ակնարկել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Մալթայում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում։

Մալթայում օրերս կայացել է Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված երրորդ համաժողովը, որին մասնակցել են 65 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Երմակը ի թիվս այլ երկրների ներկայացուցիչների հանդիպել է նաև Գրիգորյանի հետ և, ըստ Ուկրաինայի նախագահականի, երկկողմ հարաբերություններում առկա «նոր կոնտեքստի» առումով ընդգծել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպման կարևորությունն ու առաջին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև, ով հումանիտար օգնություն էր տարել ուկրաինացի դպրոցականների համար: Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հավատարմությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես՝ եվրաինտեգրման հարցերում։

Հայ-ուկրաինական հարաբերությունների «նոր կոնտեքստի» մասին Հայաստանի արտգործնախարարությունն ուղղորդեց հարցում անել Անվտանգության խորհրդին, Անվտանգության խորհրդից դեռ չեն արձագանքել:

«Մալթայի հարթակը Երևանը փորձում է օգտագործել իր անվտանգային խնդիրները լուծելու համար»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է՝ թե հայ- ուկրաինական հարաբերություններում ինչ նոր կոնտեքստի մասին է խոսքը, դժվար է ասել, գուցե հանդիպման մասնակիցները հետագայում բացեն փակագծերը: Մինչ այդ, Մալթայի հարթակն, ըստ քաղաքական մեկնաբանի, ինչպես ավելի վաղ «3+3» հանդիպումը Թեհրանում, Երևանը փորձում է օգտագործել իր անվտանգային խնդիրները լուծելու համար:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, արխիվ

«Եվ զուգահեռ նաև տեսնում ենք, որ մասնակցություն եղավ Մալթայի համաժողովում, այդ հարթակում, որը ամբողջապես արևմտյան երկրներից կազմված հարթակ չէր, որպեսզի ասոցացվի բացառապես Արևմուտքի հետ, բայց հասկանալի է, որ Մալթայի վեհաժողովում արևմտյան դիսկուրսն էր լինելու առաջնորդողը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը՝ շարունակելով. - «Հայաստանի համար սա ևս աշխատանքային հարթակ է, որովհետև սա ուժային կենտրոններից մեկն է, այս ուղղությունը ուժային ուղղություններից մեկն է, որը այսօր պայմանավորում է միջազգային հարաբերությունները, դրանց ընթացքը, միտումները, առավել ևս՝ այսօրվա այս անկանխատեսելիության մակարդակում: Եվ ահա այս Թեհրանից Մալթա, այսպես ասենք, երթուղին ինքնին արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է իրապես այս բազմակողմ դիվանագիտությամբ փորձի կառավարել այն ռիսկերը, որ գալիս են այսօրվա միջազգային իրավիճակից և ռեգիոնում չլուծված հակամարտությունների հանգամանքից»:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի օգնական Բերտրան Բուխվալտերի հետ, նաև Հունաստանի, Մոլդովայի, Ճապոնիայի ներկայացուցիչների՝ այդ երկրների ղեկավարների անվտանգության հարցերով խորհրդականների հետ:

Ռուսաստանը Մալթայի գագաթնաժողովին հրավիրված չէր, ավելին՝ դատապարտել է հավաքը՝ այն որակելով հակառուսական միջոցառում: Հակոբ Բադալյանի խոսքով՝ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ. - «Մալթայի վեհաժողովում մասնակցում էին երկրներ, որոնց հետ Ռուսաստանն ինքը բավական սերտ տնտեսական և քաղաքական կապի մեջ է՝ նկատի ունեմ արաբական աշխարհը ներկայացնող երկրներ, և բացի դրանից՝ այս վեհաժողովը ինքը առաջինը չէր, և այդ «Խաղաղության բանաձև» խորագրի ներքո նախորդ վեհաժողովը տեղի էր ունեցել Սաուդյան Արաբիայում, որին մասնակցել էր նաև Չինաստանը՝ այսօր Ռուսաստանի հետ սերտ գործակցող: Այսինքն՝ այստեղ պատկերը ամենևին միարժեք չէ, և այդ հրապարակային հայտարարություններով դատելը թերևս այդքան էլ ամբողջական պատկերացում չի տա իրողությունների մասին»:

«Հայաստանի մասնակցությունը, կրկնեմ, իմ գնահատմամբ՝ միտված էր պարզապես Հայաստանի՛ անվտանգության խնդիրները լուծելուն, և այդ հարցում, բնականաբար, աշխատելով Ռուսաստանի հետ, այսօրվա աշխարհում կա նաև արևմտյան հարթակներում սերտ աշխատանքի անհրաժեշտություն, և ըստ իս՝ այդ հավաքին մասնակցությունը տեղավորվում է դրա շրջանակում», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Հայաստանը և Ուկրաինան Արևելյան գործընկերության շրջանակում են համագործակցում Եվրամիության հետ

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ Ուկրաինան հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես՝ եվրաինտեգրման հարցերում, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասում է՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ուկրաինան Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում են համագործակցում Եվրամիության հետ, Ուկրաինան՝ Ասոցացման համաձայնագրով, Հայաստանը՝ Համապարփակ և ընդյայնված գործընկերության համաձայնագրով, և կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ հնարավոր է փորձի փոխանակում:

Պատգամավոր Արման Եղոյան, արխիվ
Պատգամավոր Արման Եղոյան, արխիվ

«Արդարադատության ոլորտում մեր իրականացրած բարեփոխումները, որոնք բավականին բարձր են գնահատվում հենց եվրոպացիների կողմից, հակակոռուպցիոն քաղաքականության մեջ մեր իրականացրած բարեփոխումները, որոնք էլի բավական դրական են գնահատվում: Առևտրատնտեսական ոլորտում ուկրաինացիներն են բավականին շատ բան արել՝ այդտեղ էլ մենք դեռ անելիք ունենք: Այսինքն՝ այստեղ փոխադարձաբար կարելի է մեկը մյուսի փորձը փոխառել, բայց այդ ամեն ինչը՝ Եվրամիության հետ հարաբերությունները հաշվի առնելով: Այսինքն՝ դրանք ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ հարաբերությունների կոնտեքստում պետք է դիտարկել»:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից մեկուկես տարի անց՝ այս տարվա սեպտեմբերին, Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա: Այն Կիև էր տարել Հայաստանի վարչապետի տիկինը: Ավելի ուշ՝ այս ամսվա սկզբին, վարչապետ Փաշինյանը Գրանադայում կարճ զրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Մալթայի հավաքին Հայաստանը փորձում է իր անվտանգային հարցերը լուծել». քաղաքական մեկնաբան
please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG