Մատչելիության հղումներ

Նավալնիի մահվանից մեկ շաբաթ անց պարզ չէ՝ երբ ընտանիքը կկարողանա ստանալ նրա մարմինը


Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին հաղորդման օրվանից մեկ շաբաթ անց՝ մինչև օրս, պարզ չեն ո՛չ մահվան հանգամանքներն ու պատճառները, ո՛չ էլ, թե երբ հարազատները կկարողանան ստանալ նրա մարմինը։ Մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, երեկ վերջապես տեսել է որդու մարմինը, սակայն իշխանությունները չեն համաձայնում դին հանձնել հարազատներին հուղարկավորության համար՝ առաջ քաշելով մի շարք պայմաններ։

«Նրանք սպառնում են ինձ, պայմաններ են դնում՝ որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Ալեքսեյը։ Իմ ներկայությամբ նրանք ինչ-որ հրահանգներ են ստանում կա՛մ Կրեմլից, կա՛մ Քննչական կոմիտեից, նրանք ուզում են, որ Ալեքսեյը հուղարկավորվի գաղտնի, որ դուք հնարավորություն չունենաք հրաժեշտ տալ նրան։ Ես դրան համաձայն չեմ։ Ես այս տեսաուղերձը ձայնագրում եմ, քանի որ նրանք սկսել են ինձ ուղղակի սպառնալ, թե ինչ-որ բան կանեն Ալեքսեյի մարմնի հետ։ Քննիչ Վարապաևը պարզապես ասել է՝ ժամանակը ձեր դեմ է, դիակը քայքայվում է», - հայտարարել է Լյուդմիլա Նավալնայան։

Նավալնիի մոր այս տեսագրությունից հետո բողոքի ձայն բարձրացրին ռուսաստանցի հայտնի գործիչները՝ գրող Միխայիլ Զըգարը, երաժիշտ Նոյզի Էմսին, պատմաբան Տամարա Էյլդելմանը, երաժիշտ Անդրեյ Մակարևիչը, դերասանուհի Տատյանա Լազարևան և շատ ուրիշներ։

Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն իր տեսաուղերձում պահանջում է իշխանություններից հանձնել Նավալնիի մարմինը։

«Դժվար է այս մասին խոսել մի երկրում, որն իրեն դեռ քրիստոնեական է համարում», - ասել է նա։

Արձակագիր Վիկտոր Շեդերովիչը պնդում է, թե Պուտինը այսօր էլ վախենում է Նավալնիից. - «Պուտինը վախենում էր Նավալնիից, երբ նա կենդանի էր։ Պուտինը վախենում է Նավալնիից նաև այսօր, երբ նա չկա։ Պուտինը վախենում է, որ ապացուցվի այն, ինչ առանց այդ էլ բոլորը գիտեն, որ ինքն է սպանել Նավալնիին»։

Նավալնիի թիմակիցներն այսօր պնդել են, թե նրա մարմինը Ռուսաստանից չեն հանելու, քանի որ ռուս քաղաքական գործիչը պետք է հուղարկավորվի հայրենիքում։ Երբ է տեղի ունենալու հուղարկավորությունը՝ դեռ հայտնի չէ։

Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ն այսօր ավելի քան 500 նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ թե՛ Ուկրաինայում ռազմական գործողության, թե՛ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։

«Պատժամիջոցներն ուղղված կլինեն Նավալնիի բանտարկության հետ կապված անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներին, գնումների ցանցերին և պատժամիջոցներից խուսափողներին», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն նաև արտահանման սահմանափակումներ է մտցնում Ռուսաստանին աջակցելու մեջ մեղադրվող մոտ հարյուր ընկերությունների նկատմամբ։

Բացի այդ, ըստ Բայդենի՝ Միացյալ Նահանգները «միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի էներգետիկ եկամուտներն էլ ավելի նվազեցնելու համար»։

Երեկ էլ Բայդենը հանդիպել է Յուլյա և Դարիա Նավալնիների հետ և կրկին շեշտել, որ Պուտինն է պատասխանատու 47-ամյա ընդդիմախոսի մահվան համար։

Միացյալ Նահանգների նախագահը նաև ընդգծել է՝ Յուլիա Նավլնայան շարունակելու է ամուսնու գործը։

«Մենք չենք հանձնվում», - գրել է Ջո Բայդենը։

Պուտինը Նավալնիի մահը մինչ այս պահը չի մեկնաբանել, իսկ նրա խոսնակն ասել էր, թե նրա դին հանձնելու հարցը «Կրեմլի գործը չէ»։

Մահվան զեկույցում նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով, ասել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, պնդում, որին չեն հավատում ո՛չ հարազատները, ո՛չ էլ աջակիցները Ռուսաստանում ու Արևմուտքում։

XS
SM
MD
LG