Մատչելիության հղումներ

Փաշինյանը Թբիլիսում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգը


Վրաստան - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Մետաքսի ճանապարհ» համաժողովում, 26-ը հոկտեմբերի, 2023թ.
Վրաստան - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Մետաքսի ճանապարհ» համաժողովում, 26-ը հոկտեմբերի, 2023թ.

«Մետաքսի ճանապարհ» պատմական տերմինն ասոցացվում է բարեկեցության, խաղաղության, զարգացման, համագործակցության հետ, որովհետև Մետաքսի ճանապարհն անցնում էր բազմաթիվ երկրներով ու բնակավայրերով, և այդ ճանապարհները մարդկային, մշակութային, տնտեսական ու քաղաքական կապեր ստեղծելու, ժողովուրդների, երկրների իրար ավելի լավ ճանաչելու միջոց էին: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Թբիլիսիում ելութ ունենալով «Մետաքսի ճանապարհ» համաժողովում:

Ճանապարհը ոչ միայն երկրներ ու քաղաքներ է միմյանց կապում, այլև մարդկանց, և հետևաբար, եթե բանուկ, ակտիվ ճանապարհը համագործակցության, խաղաղության, հաջողության նշան է, փակ ճանապարհները վկայում են պրոբլեմների մասին, ընդգծել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Մենք սա գիտենք սեփական օրինակով: Մեր չորս հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների բարեկամական լինելու մասին: Մեր հարևաններից երկուսի հետ մեր ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների շատ խոսուն վկայություն է: Բայց ես այսօր չեմ եկել պատմելու մեր ունեցած բարդ հարաբերությունների մասին, այլ ուզում եմ ասել, որ առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն»:

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` խաղաղության օրակարգի կարևոր մաս

Ակնհայտ է, որ Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, ասել է Հայաստանի վարչապետը. - «Իսկ ի՞նչ է խաղաղությունը: Դա մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած: Սա է իրական խաղաղությունը»:

«Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով.

«Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքը արեւմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար, թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային:

Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին և ես ցանկանում եմ կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա»:

«Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները, ըստ վարչապետի, հետևյալն են.

«Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

Սկզբունք թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր պարեկային ոստիկանության հետ համատեղ:

Սկզբունք թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ»:

Փաշինյանը վերահաստատել է այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու, կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը և հայտնել, որ առաջիկայում նախագիծը նաև պաշտոնապես կներկայացվի տարածաշրջանի երկրների կառավարություններին: «Հհույս ունեմ՝ համատեղ ուժերով, այդ թվում` ներդրողների ակտիվության պայմաններում մենք կկարողանանք այն կյանքի կոչել», - ասել է վարչապետը:

«Խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ»

«Խաղաղության խաչմերուկը» խաղաղության օրակարգի անբաժան մասն է, ընդգծել է Փաշինյանը և հավելել.

«Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա, և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին:

Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ.

- Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը` 86 հազար 600: Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, տեղ չթողնի ասելու, թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն:

- Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ալմ-Աթայի հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է.

- Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ եւ Հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը և հետևաբար Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ»:

«Մենք հույս ունենք այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր:

Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին», - հայտարարել է Հայաստանի ղեկավարը:

XS
SM
MD
LG