Մատչելիության հղումներ

Գազայում հրադադար հաստատելու բանակցություններում արդյունք չկա


Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում, փետրվար, 2024թ.
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում, փետրվար, 2024թ.

Իսրայելի բանակն այսօր տեսանյութ է հրապարակել, պնդելով, թե հարվածել է «Համաս»-ի օպերատիվ հրամանատարական կենտրոններին։

Հրադադար հաստատելու բանակցություններում որևէ արդյունք չկա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կտրուկ դեմ է արտահայտվել պատերազմից հետո պաղեստինցիների ապագայի վերաբերյալ ԱՄՆ-ի մոտեցումներին, հատկապես Պաղեստին պետություն ստեղծելու հարցում։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ անցած գիշերը կայացած հեռախոսազրույցից հետո, Նեթանյահուն X սոցցանցում գրել է, որ Իսրայելը չի ընդունի պաղեստինցիների հետ մշտական կարգավորման միջազգային թելադրանքը: Նրա ասելով՝ նման համաձայնության կարելի է հասնել միայն կողմերի միջև ուղիղ բանակցություններով։ Սակայն արդեն մեկ տասնամյակ՝ 2014 թվականից Իսրայելի ու պաղեստինցիների միջև ուղիղ բանակցություններ չկան։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն Բայդենը Նեթանյահուին ասել է, որ նա չպետք է ռազմական գործողություն ձեռնարկի Ռաֆահում առանց պաղեստինցի խաղաղ բնակիչներին պաշտպանելու արժանահավատ և իրագործելի պլանի։ Նրանք անդրադարձել են նաև պատանդների վերաբերյալ շարունակվող բանակցություններին, Բայդենը խոստացել է շարունակել շուրջօրյա աշխատանքը՝ օգնելու, որ նրանք ազատ արձակվեն։

Շաբաթվա ընթացքում սա Բայդենի ու Նեթանյահուի երկրորդ հեռախոսազրույցն է։

Ռաֆահում մոտավորապես մեկ միլիոն պաղեստինցիներ են հավաքվել, որոնք փախել են երկրի հյուսիսային շրջաններում պատերազմական ակտիվ գործողություններից։

Գազայի հատվածում պատերազմն ավելի քան չորս ամիս շարունակվում է։ Անցած հոկտեմբերի 7-ին «Համաս»-ը, որն ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն, հարձակվեց իսրայելական բնակավայրերի վրա։ Իսրայելը հաղորդել է իր կողմից 1200 զոհի մասին, իսկ Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 28,5 հազարը, սակայն «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի տեղեկատվության արժանահավատությունն անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Իսրայելը պնդում է, որ «Համաս»-ն իսրայելցի 100 պատանդ է պահում, ու նրանց հայտնաբերելու նպատակով երեկ գործողություն է իրականացրել Գազայի հատվածում ներկայումս գործող ամենախոշոր հիվանդանոցում։

Նախօրեին իսրայելցի զինվորականները, քանդելով Խան-Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցի ցանկապատի մի մասը, հիվանդանոցի շենք են մտել՝ պատանդներ հայտնաբերելու նպատակով։

«Համաս»-ը Իսրայելին մեղադրում է կեղծիքի մեջ՝ պնդելով, որ բուժանձնակազմից ու հիվանդներից բացի այնտեղ ապաստանել էին պատերազմից փախած հազարավոր պաղեստինցիներ, իսրայելցի զինվորականները նրանց ստիպել են դուրս գալ հիվանդանոցից, հիվանդանոցը վերածվել է զորանոցի:

Մինչ հիվանդանոց մտնելը, իսրայելցի զինվորականները երեք շաբաթ շրջափակված էին պահում այն՝ վերահսկելով բոլոր մուտքերն ու ելքերը։

Գազայի առոողջապահության նախարարի ասելով՝ հիվանդանոցում 300-հոգանոց բուժանձնակազմ կար և 450 հիվանդներ ու վիրավորներ։ Նրանց ստիպել են տեղափոխվել հին մասնաշենք, որտեղ սարքավորումներ չկան, իսկ այնտեղ ապաստանած շուրջ 10 հազար պաղեստինցիները շարժվում են դեպի Ռաֆահ քաղաք։

Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ բանակը ճշգրիտ ու սահմանափակ գործողություն է իրականացրել իսրայելցի պատանդներին կամ նրանց մարմինները գտնելու և վերադարձնելու նպատակով, նշելով, որ գործողությունը հիմնված էր հետախուզական մի շարք հավաստի աղբյուրների վրա։ Նա ասել է, որ բուժանձնակազմը և պացիենտները տարհանվելու կարիք չունեն, Իսրայելի բանակը բժիշկներ և սպաներ է ուղարկում նրանց հետ շփվելու համար, ինչպես նաև համակարգում է բժշկական պարագաների և սարքավորումների փոխանցումը հիվանդանոցին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակն այսօր ասել է, թե փորձում են մուտք գործել Նասեր հիվանդանոց, որտեղ գտնվող ծանր հիվանդները և վիրավորներն օգնության կարիք ունեն։

«Մենք խորապես մտահոգված ենք Էլ-Նասեր համալիրից ստացվող հաղորդագրություններից, որ այդ բժշկական համալիրը փաստացի չի գործում։ Հիվանդանոցում դեռ գտնվում են օգնության կարիք ունեցող ծանր վիրավորներ և հիվանդներ։ Վառելիքի մատակարարման և կենսական կարևոր ծառայությունները շարունակելու ծայրահեղ անհրաժեշտություն կա», - ասել է ԱՀԿ-ի խոսնակ Թարիք Յասարևիչը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG