Մատչելիության հղումներ

Ռուսական և ուկրաինական կողմերը հաղորդում են հարձակումների մասին


Բելգորոդ քաղաքը, 15-ը փետրվարի, 2024թ.
Բելգորոդ քաղաքը, 15-ը փետրվարի, 2024թ.

Այսօր առավոտյան հրթիռակոծվել է Ռուսաստանի Բելգորոդ քաղաքը, առնվազն վեց մարդ զոհվել է, այդ թվում՝ մեկ երեխա, 16-ը՝ վիրավորվել, հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը

Սոցցանցերում տարածվում են կրակի տակ հայտնված առևտրի կենտրոնի շենքի լուսանկարներն ու տեսանյութերը։ Հաղորդվում է նաև, որ հրթիռ կամ դրա բեկորներ են ընկել դպրոցի բակում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ համակարգերը Բելգորոդի օդում ոչնչացրել են ուկրաինական 14 հրթիռ։

Գիշերն էլ Ռուսաստանն է զանգվածային հրթիռային հարվածներ հասցրել Ուկրաինային։ Ըստ Կիևի, արձակվել է 26 հրթիռ, որից 13-ը խոցվել է, զոհեր են եղել Լվովում, Զապորոժիեում և Խարկովի մարզում:

Մինչ այդ էլ ավելի է լարվել իրավիճակը ռուսների ինտենսիվ գրոհների տակ գտնվող Ավդեևկայում։ Ուկրաինական կողմը պաշտոնապես հայտարարում է, որ իրադրությունը սպառնալից և անկայուն է։

Մի շարք աղբյուրներ հաղորդում են ռուսական զորքերի առաջխաղացման մասին, որի հետևանքով ուկրաինական ուժերը կարող են հայտնվել շրջափակման մեջ։ Ուկրաինական զինուժն իր հերթին պնդում է, թե «զինվորականները պահում են գիծը՝ զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին»:

Արդեն երկու տարի շարունակվող պատերազմի համար այն սկսած նախագահ Պուտինը չի ափսոսում. - «Միակ բանը, ինչի համար կարող ենք ափսոսալ, այն է, որ մենք ավելի վաղ չենք ձեռնարկել ակտիվ գործողություններ»:

Չնայած ճակատում, հատկապես Ավեևկայում ստեղծված բարդ իրավիճակին, Կիևը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե արևմտյան դաշնակիցների օգնությամբ դուրս են մղելու ռուսներին իրենց տարածքից:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն արդյունավետ է անվանել դաշնակիցների հանդիպումը Ռամշտայնի ձևաչափով:

«Կլինեն ավելի շատ անօդաչու սարքեր։ Ութ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Շվեդիան, Էստոնիան կօգնեն այդ հարցում Ուկրաինային։ 20 երկրներ էլ կօգնեն Ուկրաինային ականազերծման հարցում», - նշել է նախարարը:

Երկուշաբթի ուկրաինական պատերազմի պատճառով զինամթերքի պակասի ֆոնին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց, թե անհրաժեշտ է, որ եվրոպական պաշտպանական արդյունաբերությունն անցնի զենքի զանգվածային արտադրության։

Զելենսկին մեկնում է Ֆրանսիա և Գերմանիա

Նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը մեկնում է Ֆրանսիա և Գերմանիա:

Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ կստորագրվի Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիր։ Նախկինում նման համաձայնագիր ստորագրվել էր Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև։

Իր նոր եվրոպական շրջագայության ընթացքում Զելենսկին շաբաթ օրը ելույթ կունենա նաև Մյունխենի անվտանգության համաժողովում և մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահի հետ։

XS
SM
MD
LG