Մատչելիության հղումներ

«Ընտրովի արդարադատություն». Տաթև Վիրաբյանը՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի ազատության համար իշխանականների երաշխավորության մասին


Երկու ամիս կալանքի տակ անցկացրած Տաթև Վիրաբյանը ընտրովի արդարադատության վառ օրինակ է համարում իշխանականների երաշխավորությունը ԱԺ նախագահի եղբոր կնոջ և նրա գործընկերոջ ազատության համար։

Կառավարության հրաժարականի պահանջով ցույցերի մասնակցած Վիրաբյանը, որ կալանքից ազատված երկու կանանց նման անչափահաս երեխաներ ունի, ընդգծում է՝ իր դեպքում նույն հիմնավորմամբ ընդդիմադիր պատգամավորների երաշխավորությունը ոչ մի արժեք չունեցավ իրավապահների համար։

Օրերս դատախազի նախաձեռնությամբ ազատ արձակվեցին պետական գնումների չարաշահման գործով անցնող «Սիներջի» ընկերության նախկին ու ներկա աշխատակիցներ Անի Գևորգյանն ու Լիլի Մկրյանը։

Նրանց ազատության համար ստորագրահավաք էին արել իշխանական պատգամավորները, երկուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը անձնական երաշխավորություն էին տվել։ Իր որոշումը հիմնավորելիս դատախազը նշել էր, որ «նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը»։

«Որովհետև ես Տաթևն եմ, որովհետև ես ընդդիմախոս եմ, որովհետև ես ուզում եմ հայրենիք ունենալ, որովհետև ես ամեն ինչ անելու եմ, որ հայրենիք ունենամ, որովհետև ինձ չեն կոտրելու», - նշեց Տաթև Վիրաբյանը:

Վիրաբյանն ընդգծում է՝ ինքն ուրախ է այս կանանց համար, բայց համոզված է, որ իր դեպքում կալանքը չփոխվեց իր քաղաքական հայացքների պատճառով։ Ընդդիմադիր կինն անցնում է Արցախի դեմ անցած սեպտեմբերի հարձակումից հետո Երևանում սկսված բողոքի ցույցերի գործով՝ սկզբում մեղադրում էին զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու համար, հետո մեղադրանքը խուլիգանություն դարձրին։

«Ես չէի մեղադրվում թալանի մեջ, ես առաջին օրը ցուցմունք էի տվել, այստեղ ասում են, որ ցուցմունք է տվել և փոխվել է խափանման միջոցը և այլն: Բայց ես առաջին օրը հենց ցուցմունք եմ տվել, ասել եմ, որ ես եմ անողը, տեսանյութերում եմ ինձ ճանաչել ու իմ արարքը հանցագործություն չի, բայց ես 2 ամսի գտնվել եմ բանտում, ոչ մի քննչական գործողություն չի կատարվել», - ասաց նա:

Խորհրդարանի խոսնակի ազգականի համար երաշխիք տված իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, մինչդեռ, հակադարձում է՝ սա անձնական երաշխավորություն է և պատգամավորն ինքն է ընտրում՝ ում համար դա ներկայացնի։

«Եթե երաշխավորյալը որևէ կերպ խոչընդոտի քննության ընթացքին, չկատարի իրավապահ մարմինների պահանջները, չներկայանա քննչական մարմիններ, քրեական մինչև 2 տարվա ազատազրկում է նախատեսվում երաշխավորի համար: Եկեք հասկանանք, թե մենք ինչի մասին ենք խոսում ու հետևաբար բացառապես ելնելով պատգամավորի կարգավիճակից, պատգամավորը չի կարող հանդես գալ բոլորի համար անձնական երաշխավորությամբ», - նշեց Հովհաննիսյանը:

Պատգամավորը չի թաքցնում՝ անձնական երաշխավորության համար առանցքային դեր է խաղացել թիմակից Ալեն Սիմոնյանի գործոնը. - «Մեր կողմից վստահության չափաբաժնի վրա, բնականաբար, մեծ ազդեցություն ունի մեր գործընկերոջ գործոնը: Դա կարծում եմ՝ առանց հարցնելու էլ ակնհայտ փաստ է, ես ինչ էլ ասեմ, էդ փաստը չի կարելի շրջանցել»:

«Ազատության» հարցին՝ իսկ Լիլի Մկրյանի մասո՞վ, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Այդ մասով և առհասարակ առավելապես գործել է մանկահասակ երեխաների մայր լինելու հանգամանքը»:

Դիտարկմանը, որ Տաթև Վիրաբյանն ասում է՝ «ես էլ երկու անչափահաս երեխա ունեմ», պատգամավորն արձագանքեց. - «Չեմ ուզում համեմատության մեջ դնենք: Տաթևի դեպքում ևս եղել են պատգամավորների երաշխավորություններ: Մի կողմից չենք ճանաչել և մյուս կողմից եղել են երաշխավորություններ»:

Փաստաբան Աբգար Պողոսյանն, իր հերթին, հիշեցնում է սեպտեմբերյան բողոքի ակցիաների անչափահաս մասնակիցներին, որոնք ևս մեկ ամսից ավելի մնացին կալանքի տակ։ Իրավապահներն անգամ հաշվի չէին առել անչափահաս տղայի առողջական խնդիրները։

Փաստաբանը կարծում է՝ Հայաստանում կալանքը դեռ շարունակվում է օգտագործվել որպես մահակ՝ ընդդիմախոսների դեմ։ Իշխանությունները հակադարձում են՝ իրենք արդարադատությանը չեն միջամտում։

XS
SM
MD
LG