Մատչելիության հղումներ

«Շոկի մեջ ենք». «Սիներջի»-ի գործով կալանավորված Լիլի Մկրյանի ամուսին


Լիլի Մկրյանը և Արմեն Մկտչյանը
Լիլի Մկրյանը և Արմեն Մկտչյանը

Արդեն մեկ շաբաթ Արմեն Մկրտչյանը մենակ է խնամում երկու տարեկան դստերը: Երեխայի մայրիկը՝ «Սիներջի» ընկերության աշխատակից 31-ամյա Լիլի Մկրյանը, կալանավորված է ևս երկու անձանց հետ՝ ընկերության նախկին աշխատակից Անի Գևորգյանի և հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի:

«Որպես Հայաստանի քաղաքացի, որպես Լիլիի ամուսին՝ միաժամանակ երկու դեպքում էլ շոկի մեջ եմ, որովհետև դե մեր ընտանիքն է, ես գիտեմ մենք ոնց էինք ապրում՝ ընդհանրապես կապ չունեինք ոչ մի հանցագործությունների հետ, հանցագործություն անելու հետ, ու միանգամից գալիս են ու ամենախիստ միջոցն են կիրառում խափանման», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մկրտչյանը՝ շարունակելով. - «Շոկ է, էլի, իմ համար: Այսինքն՝ ստացվում է, որ ցանկացած մարդ, որ ոչ մի սխալ բան իր կյանքում չի արել, կարող է թյուրիմացության կամ ինչ-որ ուրիշ բանի պատճառով, ես ասում եմ մարդ, դեռ չեմ ասում մնացած ֆակտորները, որ երեխա ունեցող աղջիկ է, երկու տարեկան է երեխան և այլն...»:

Լիլի Մկրյանն ու «Սիներջի»-ի մյուս երկու աշխատակիցները մեղադրվում են հանցագործությանն օժանդակելու հոդվածով, իսկ հանցանքն, ըստ Քննչականի, կատարել են էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանն ու նույն նախարարության ևս երեք աշխատակից, որոնք մեղադրվում են իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

Աղմկահարույց այս գործի մասին Քննչական կոմիտեն մինչև այս պահը բավարարվել է միայն մեկ հայտարարությամբ, որտեղ նշել էին՝ նախաքննությամբ պարզել են, որ «Սիներջի»-ի տնօրենն ու աշխատակիցները «դրդել կամ օժանդակել էին Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների» մի թվային ծառայության համար հայտարարված մրցույթի պայմանները խստացնել, ինչի հետևանքով «Սիներջի»-ի հետ մրցող ընկերությունը երկրորդ փուլում դուրս էր մնացել մրցույթից, ըստ Քննչականի՝ վնաս էր պատճառվել պետությանը։

«Առաջին հերթին, ինձ թվում է, աբսուրդ է այն տեսանկյունից, որ պետությունը մեզ՝ որպես քաղաքացիների, էդքան չի պաշտպանում, ինչքան պիտի պաշտպանի, որովհետև մարդուն կալանավորելուց առաջին հերթին պիտի պետությունը պաշտպանի, որովհետև մենք էս պետության քաղաքացիներ ենք», - ընդգծեց Մկրտչյանը:

Արմեն Մկրտչյանին վերջին շաբաթվա ընթացքում թույլ չեն տվել հանդիպել կնոջը, քանի որ ինքն էլ աշխատում է «Սիներջի»-ում։ Կալանավայր այցելել է Լիլիի երկու տարեկան դուստրը, որը, հոր խոսքով, արդեն սկսել է գիտակցել, որ մայրիկը տնից սովորականից երկար է բացակայում։ Արմեն Մկրտչյանի պնդմամբ, սակայն, Լիլիի խափանման միջոցն անհրաժեշտ է շտապ փոխել ոչ թե այն պատճառով, որ նա կին է և ունի մանկահասակ երեխա, այլ այն պատճառով, որ նա, ըստ ամուսնու, որևէ հանցանք չի գործել ու «Սիներջի»-ում արել է այն, ինչ պարտավոր էր իր աշխատանքային պայմանագրով։

«Proposal-ներ է գրում, այսինքն՝ եթե նոր պրոյեկտ է լինում ինչ-որ պետական, տենդեր են հայտարարում, էդ տենդերին դիմելու համար դու պիտի proposal գրես, այսինքն՝ առաջարկ գրես», - նշեց Մկրտչյանը:

«Սիներջի» ընկերությունը Հայաստանում գործում է 1999 թվականից, թվային ծառայություններ է վաճառում աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ու խոշոր կազմակերպությունների՝ Բելգիայից մինչև Ջամայկա, Հայաստանի կառավարության մրցույթներին մասնակցել է հազվադեպ։ Գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում ընկերությունը նման քրեական գործերում որևէ երկրում չի հայտնվել, պնդում է հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աննա Ստեփանյանը։

«Գովասանքից բացի, դրվատանքից բացի՝ ոչ մի խնդիր երբևիցե որևէ երկրի հետ մենք չենք ունեցել, ճիշտ հակառակը՝ մենք ունեցել ենք բազում մրցանակներ, բազում գովեստի խոսքեր: Դրա վառ ապացույցը նաև մեր գործող կոնտրակտների ժամկետների երկարելն է, նոր լուծումներ ունենալը», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ստեփանյանը:

«Սիներջի»-ում ևս վստահ են՝ քրեական գործն ուշ թե շուտ պետք է կարճվի, բայց այս պահին առաջին հերթին անհանգստացած են երեք աշխատակիցների խափանման միջոցի հարցով։ Գործով անցող յոթ անձանցից կալանավայրում են միայն երեքը՝ «Սիներջի»-ի աշխատողները, որոնք անցնում են ավելի թեթև հոդվածով, քան՝ էկոնոմիկայի փոխնախարար, տնային կալանքի տակ գտնվող Անի Իսպիրյանն ու նախարարության երկու աշխատող։

«Խտրական մոտեցման հանգամանքը բարձրաձայնելու հնարավորություն չենք ունեցել». փաստաբան

«Ազատություն»-ը իրավապահ մարմիններից պարզեց, որ պաշտոնյաների դեպքում տնային կալանք խափանման միջոցը պահանջել են հենց քննիչները, ինչը հաստատել է դատարանը։

«Հետևաբար, այդ խտրական մոտեցման, տարբերակված մոտեցման մասին այդ հանգամանքը մենք բարձրաձայնելու հնարավորություն չենք ունեցել», - նշեց Լիլի Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Հիշեցնում է խորհրդային ժամանակները»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ հասկանալի է, որ իրավապահ մարմինները պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ ու փնտրեն հնարավոր դեպքեր, բայց խափանման միջոց կալանքի թեթևորեն կիրառումը նրան հիշեցնում է խորհրդային ժամանակները։

«Նախաքննությունը և ընդհանրապես արդարադատությունը պետք է հիմնված լինի մարդասիրության վրա: Եթե հենց սկզբից ոտնահարվում է մարդու իրավունքը կամ մարդը, նշանակում է՝ արդարադատության կայացման մասին խոսք լինել չի կարող», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հարությունյանը:

«Սիներջի»-ի աշխատակիցների կալանքը փոխելու համար երաշխավորություն են ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, աշխատակիցներից մեկն Ազգային ժողովի խոսնակի եղբոր կինն է, որն ունի երկու մանկահասակ երեխա:

Դատախազությունը ստացել է միջնորդությունը, որը կքննվի առաջիկա յոթն օրվա ընթացքում։

XS
SM
MD
LG