Մատչելիության հղումներ

Դատավորների միությունն ու մասնագետները հակադարձում են Բարձրագույն դատական խորհրդի տեսանյութին


Մեղավորներ կարգել առանց դատավարության՝ հեղինակազրկելով դատական համակարգն ու փորձելով ուղղորդել դատավորներին. Դատավորների միությունն ու մասնագետներն այսպես են արձագանքում Ֆեյսբուքում գովազդի տակ պտտվող Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) տեսանյութին։

«Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից». - այս վերնագրով տեսանյութում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը հինգ դատավարություններ է առանձնացրել, որտեղ կարմիր թելի պես մի միտք է անցնում՝ նախկին բարձրաստիճանների դատավարությունների ձգձգման մեղավորը ոչ թե դատական համակարգն է, այլ՝ առանձին դատավորներ, որոշ դեպքերում՝ փաստաբանները, մյուսներում էլ՝ այլ պետական մարմինները։

Օրինակ է բերվում կաշառքի համար մեղադրված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, որն անցած տարեվերջին փակվեց վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։ Իսկ մեղավորը, ըստ դեպարտամենտի, դատավոր Աննա Դանիբեկյանն է։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեպքում, ըստ դեպարտամենտի, դատավորը, դատախազները, ամբաստանյալներն ու փաստաբաններն են մեղավոր։

Դատավորների միության արձագանքը չուշացավ՝ նրանք էլ, իրենց հերթին, խոստանում են տեղեկություն հրապարակել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեսյանի գործունեության, ինչպես ձևակերպում են՝ դատական իշխանության ու պետության շահերին պատճառված վնասների մասին։ Դատավորները համարում են, որ Կարեն Անդրեասյանի և տեսանյութի պատրաստմանը մասնակցածների գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման։

«Տեղի է ունեցել իրականում նաև այս արարքով դատական իշխանության հեղինակազրկում՝ սա ակնհայտ է, և դա արվել է հօգուտ քաղաքական իշխանության շահերի: Այստեղ արդեն մենք գործ ունենք, ես ուղղակի համոզված եմ դրանում, Քրեական օրենսգրքի հետ», - հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նախկին օմբուդսմենը պնդում է՝ այս տեսանյութով դատավորների անկախության երաշխավոր կառույցը ինքն է հեղինակազրկել դատական համակարգը և պետք է ենթարկվի պատասխանատվության. - «Այս գործերով, եթե հանկարծ հիմա բողոքներ տանեն ԲԴԽ, կամ, ներողություն, վարույթ հարուցվի, այս գործերով ցանկացած որոշում լինելու է արդեն ապօրինի՝ այդ մարդկանց իրավունքների խախտումով: Որովհետև նախօրոք իրենց մեղքը որոշած է եղել ԲԴԽ-ն՝ իր աշխատակազմի միջոցով»:

Թաթոյանը պնդում է՝ այս հեղինակազրկման գլխավոր շարժառիթը Նիկոլ Փաշինյանի իշխանության շահերն են։ Հիշեցնում է՝ այս իշխանությունն էր խոստացել բացահայտել մի շարք աղմկահարույց գործեր, պատժել մեղավորներին, և ակնհայտ է՝ այս տեսանյութը պատրաստվել է, որ աջակցի իշխանությանը։

«Բա ինչի՞ համար կա կարգապահական վարույթ հարուցելու ինստիտուտ, պատասխանատվություն, հենա եթե էդպես լիներ, Բարձրագույն դատական խորհրդին Սահմանադրությունը վերապահած կլիներ իր նախաձեռնությամբ անել ուսումնասիրություն և պատժել որ դատավորին ուզում է, այսպես ասած», - ընդգծում է նախկին օմբուդսմենը:

Դատավորը անկախ է, իսկ անկախությանը միջամտելը արգելված է օրենքով, նախկին պաշտպանի միտքն է շարունակում նախկին դատավոր Աննա Փիլոսյանը։

«Ակնհայտ թիրախավորվում են դատավորները, դատավորների գործունեությունը, դատավորների որոշումներին տրվում են գնահատականներ՝ դա թաքցնելով վիճակագրության ամփոփման նկարի ներքո, մինչդեռ ուղիղ գնահատականներ, ընդ որում՝ բացասական գնահատականներ են տրվում դատավորների գործունեությանը՝ հստակ ուղղորդելով դեռևս քննության փուլում գտնվող գործերի հետագա ընթացքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փիլոսյանը:

Դատավորի գործունեությունը կարող է գնահատել միայն դատարանը, այս դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավորներից բաղկացած ատյանը, ընդգծում է նախկին դատավորն ու պնդում՝ իսկ այս տեսանյութով գնահատական է տրվում, որը կարող է ազդել ոչ միայն այս դատավորների վարած գործերի, այլև՝ առհասարակ մյուսների գործունեության վրա։

«Որպես դատարան հանդես գալով՝ բացառապես որոշման մեջ տար գնահատական այս կամ այն որոշմանը կամ այս կամ այն գործողության իրավաչափությանը, այն էլ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիտանկյունից միայն», - ընդգծում է Աննա Փիլոսյանը:

Փիլոսյանը հակադարձում է Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությանը, թե տեսանյութի հեղինակը Դատական դեպարտամենտն է։ Ո՞ւմ աշխատակազմն է դատական դեպարտամենտը, հարցնում է նախկին դատավորը, որը ծիծաղելի է որակում այս պատճառաբանությունը։

Փիլոսյանը նաև շեշտում է՝ այս տեսանյութով տարբերակում են յուրային և ոչ յուրային դատավորներին։ Օրինակ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը դրական լույսի ներքո է ներկայացվում, այնինչ նրան տասնամյակներ շարունակ քննադատել են իրավապաշտպանները՝ քաղաքական պատվեր կատարելու համար։

«Եվ թիրախավորվում են այն դատավորները, որոնք միգուցե յուրային չեն կամ որոնց ներկայիս գործունեությունը այնքան էլ «դրական» չի գնահատվում հենց Բարձրագույն դատական խորհրդի կողմից, Բարձրագույն դատական խորհրդի ակնկալիքների լույսի ներքո: Ոչ թե ընդհանուր իրենց գործունեությունն է բացասական, այլ միգուցե Բարձրագույն դատական խորհրդի ակնկալիքները չեն բավարարվում», - նշեց Աննա Փիլոսյանը:

Ի պատասխան երեկվանից շարունակվող քննադատություններին՝ Դատական դեպարտամենտը հայտարարում է՝ սա իրենց աշխատանքն է, հրապարակել են բացառապես օբյեկտիվ և ճշգրիտ տվյալներ:

XS
SM
MD
LG