Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը կասկածի տակ դրեց ԲԴԽ անդամի թեկնածուի չծառայելու պատճառը. Կարեն Թումանյանը հերքեց մեղադրանքը


Իր կարմիր գիծը բարեվարքության սահմանն անցնելն է, իսկ դատավորի առաքելությունը՝ արդարադատության շահը, այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի իշխանության թեկնածու Կարեն Թումանյանը։

«Գրագետ և լավ մարդ, գրագետ իրավաբան և լավ մարդ, լավ մարդու հատկանիշների մեջ՝ բարեվարքությունը և օբյեկտիվությունը։ Ինձ համար, օրինակ, կարմիր գիծ է, երբ որ դատավորն այդ բարեվարքության սահմանը հօգուտ կամ որևէ առերևույթ հանգամանքով պայմանավորված անցնում է։ Երբ մարդը դատավորին տեսնում է և պատկերացնում, որ իր նկատմամբ կայացվող ապագայում դատական ակտը պետք է լինի, մեղմ ասած, կասկածելի, դա խնդրահարույց է», - ասաց նա։

Քննարկումը, սակայն, մեծամասամբ ոչ թե դատական իշխանության խնդիրների շուրջ ծավալվեց, այլ Թումանյանի՝ 90-ականներին բանակից ազատվելու հանգամանքների։

«Դուք զինվորական ծառայությունից ազատվել եք ընտանեկան դրության բերումով, այսինքն՝ երկու և ավելի երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված։ Դուք մամուլին ասել եք, որ ամուսնացել եք 2012 թվականին։ Ես նաև դրա համար հարցրեցի և ներողություն խնդրեցի Ձեր երեխաների տարիքը հարցնելու համար։ Ո՞նց է ստացվում, որ Դուք 12 թվականին ամուսնացել եք, բայց 94թ. երկու և ավելի երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված՝ ազատվել եք զինծառայությունից», - հարցրեց «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը։

Թեկնածուն, սակայն, հերքեց ընդդիմադիր պատգամավորի պնդումները. - «Ես պարտադիր զինվորական ծառայությունից չեմ խուսափել, կրկնում եմ՝ բարեվարքության եզրակացությանն ավելացնելու ոչինչ չունեմ»։

Խամոյանը գոհ չէր նրա պատասխանից, պնդեց՝ հենց Թումանյանի արձագանքն է վկայում այն մասին, որ այստեղ խնդիր կա։ Հարցրեց՝ ինչպե՞ս է հսկելու դատավորների բարեվարքությունը, եթե ինքն անձամբ նման խնդիր ունի։ ԲԴԽ անդամի թեկնածուն վստահեցրեց՝ Կոռուպցիայի հանձնաժողովը վեց անգամ ստուգել է իր բարեվարքությունը, վեց անգամն էլ դրական եզրակացություն է ստացել։

«Այս հարցը տալո՞ւ եք ձեր թեկնածուին, ձեր ելույթի մեջ անդրադառնալո՞ւ եք, թե 94թ. ինչպե՞ս է ձեր թեկնածուն ազատվել զինվորական ծառայությունից։ Խոսքը մարդու մասին է՝ հարգելի իրավաբանի, ով պատրաստվելու է քննել դատավորների բարեվարքությունը։ Ո՞նց է այս կենսագրությամբ քննելու այլոց բարեվարքությունը», - ասաց պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն, իր հերթին, հիշեցրեց 90-ականները, երբ տղաներին ազատում էին բանակից պատերազին չմասնակցելու համար, կոչ արեց թեկնածուին ներողություն խնդրել ու ընդգծեց՝ դատական համակարգը նախկինում էլ, հիմա էլ խնդիրներ ունի. - «Ես, իմ ընկերները, շատ-շատերն այդ դաշտում էինք, շատերը, ցավոք, զոհվեցին, բայց մարդիկ կան՝ հաջողեցնում էին 18 տարեկանում երկու երեխա ունենալ։ Եթե մենք ուզում ենք ուժեղ Հայաստան ունենալ, պետք է ունենանք արդար արդարադատություն»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, ներողության պատճառ չի տեսնում, հակադարձեց՝ թեկնածուն արդեն պատասխանեց ընդդիմադիրներին. - «Բայց ես ձեզ վստահեցնում եմ որպես հռետորաբանությունից մի քիչ բան հասկացող մարդ, մի բանի վրա այդքան շեշտ մի դրեք, որովհետև կարող է գա, այստեղ ասի՝ որովհետև, այսպես է եղել, և ձեր 6 րոպեանոց ելույթն ուղղակի փշրվի, և տակը բան չմնա»։

Ընդմիջումից հետո, սակայն, Թումանյանը ստիպված փակագծեր բացեց. - «Ես 18 տարեկանում երկու երեխա չեմ ունեցել, երկու երեխան՝ իմ հարազատ եղբայրն ու քույրն են եղել իմ խնամքի տակ, որ իրական իմ խնամքի տակ են, հիմա էլ նրա երեխաներն եմ իմ խնամքի տակ։ Ուզո՞ւմ եք ավելի բացեմ... ես սուրճ կխմեմ ձեզ հետ, ցանկացածի հետ և ամբողջությամբ կենսագրությունս կպատմեմ, հիմա հարցն ուրիշ բանի մեջ է, ես չեմ հարցրել այդ մարդկանց համաձայնությունը՝ ձեզ պատմեմ լրիվ, թե չպատմեմ», - ասաց նա։

Երկու տասնամյակ փաստաբանությամբ զբաղված, Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի մի շարք գործեր շահած Թումանյանը, խոսելով դատական համակարգի անկախության մասին, ընդգծեց՝ այն դեռ ամբողջովին չի համապատասխանում իավական պետության չափանիշներին, իսկ խնդիրները գալիս են անցած տասնամյակներից։

«Մեր երկրում իրավական պետության սկզբունքների հայեցակարգով կառավարելը երկար ժամանակ եղել է խնդրահարույց, քանի որ պետական իշխանությունը չի գործել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման սկզբունքով։ Պետական կառավարումն իրականացվել է ավտորիտար կառավարման պետություններին բնորոշ կանոններով, դատական համակարգը պետական կառավարման մյուս համակարգերի հետ եղել է նույն տրամաբանության մեջ», - ասաց նա։

Թումանյանի թեկնածությունը քվեարկության կդրվի վաղը։ Նրան առաջադրած իշխանականների ձայները բավարար են ընտրվելու համար։ ԲԴԽ անդամն ընտրվում է 5 տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG