Ադրբեջանում այսօր տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ։
20 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիևից բացի մասնակցում են ևս վեց թեկնածուներ՝ Զահիդ Օրուջը, Ֆազիլ Մուստաֆան, Էլշադ Մուսաևը, Գուդրաթ Հասանգուլիևը, Ֆուադ Ալիևը, Ռազի Նուրուլլաևը։
Գործող նախագահի վեց մրցակիցներից հինգը՝ բացառությամբ Մուսաևի, վերջին երկու տասնամյակներին Ադրբեջանում տեղի ունեցած բոլոր նախագահական ընտրություններին մասնակցել են որպես նախագահի թեկնածուներ։ Բոլոր այդ ընտրությունները միջազգային դիտորդները քննադատել են, գնահատել ոչ թափանցիկ և ոչ մրցակցային։
Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում, ըստ պաշտոնական աղբյուրների, քվեարկելու իրավունք ունի քաղաքացիների կեսից ավելին՝ 6 միլիոն 478 հազար 623 մարդ։
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում բացվել է 6 հազար 537 ընտրատեղամաս։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահին ընտրելու համար տեղամասեր են գործում նաև Լեռնային Ղարաբաղում և հարակից յոթ շրջաններում։
Ընտրությունների ընթացքին, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, հետևում է 790 միջազգային դիտորդ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը։ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի պատվիրակություններին պաշտոնական Բաքուն ընտրություններին հետևելու հրավեր չի ուղարկել։
Տե՛ս նաև այստեղ