Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդամենը հինգ օր է մնացել՝ քվեարկությունը փետրվարի 7-ին է։ Ընդդիմությունը բոյկոտել է՝ չի մասնակցում։ «Մեզ մի փոքր դեր էր առաջարկվել այս խաղում, բայց մենք չենք ցանկանում մասնակցել այս բեմադրությանը։ Թող բոլորը տեսնեն, որ սա ոչ մի ընդհանրություն չունի ընտրությունների կամ արդար մրցակցության հետ», - Ֆեյսբուքում գրել էր Ազգային ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին։
Իլհամ Ալիևից բացի ևս 6 մարդ է մասնակցում ընտրություններին, որոնք համարվում են իշխանական ճամբարի ներկայացուցիչներ։ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) միջանկյալ զեկույցում նշված է, որ վերջերս նրանք աջակցել են Իլհամ Ալիևին։
Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը ներառյալ գրանցված 7 թեկնածու կա, սակայն մեծ չափազանցություն կլինի ընտրապայքարի, ընտրարշավի մասին խոսելը։
Թեկնածուները նույնիսկ գովաբանում են Իլհամ Ալիևին։ Մասնավորապես, հունվարի 15-ին Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության դեբատներում նախագահի թեկնածու Ֆուադ Ալիևն ասել է, որ նախագահ Իլհամ Ալիևը տեր է կանգնել իր խոսքին և կատարել բոլոր տված խոստումները։ Մեկ այլ թեկնածու՝ Զահիդ Ուրուջն էլ հայտարարել է, թե պատմության ընթացքում Ադրբեջանի հայտնի բոլոր մեծ գործիչները կքվեարկեին Ալիևի օգտին։ Իլհամ Ալիևի փոխարեն դեբատներին մասնակցել է նրա վստահված անձը՝ Թահիր Բուդաղովը։ Նախագահի թեկնածու Ռազի Նուրուլաևը, դիմելով Ալիևի հասցեին գովաբանությունները լսող Բուդաղովին, ասել է. - «Մեր կուսակցությունը տարիներ շարունակ հայտարարել է, որ կազատագրի Ղարաբաղը և կվերականգնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ձեր թեկնածուն արեց դա»:
Ընտրարշավի փոխարեն վարկաբեկիչ արշավի ենթարկվեցին վերջին ամիսներին ձերբակալված լրագրողներն ու ակտիվիստները։ Իշխանամետ մամուլը նրանց վարկաբեկող մի ամբողջ շարք հոդվածներ է հրապարակել AbzasMedia-ի, Toplum TV-ի, Azerbaijan Internet Watch հարթակի, «Երրորդ հանրապետության պլատֆորմներ» կազմակերպության նախագահի դեմ։ Վերջինի ղեկավար Ակիֆ Գուրբանովը «Թուրան»-ի «Բարդ հարց» ծրագրի հարցազրույցում ասել է, որ մեղադրական այդ հոդվածների նպատակը կառավարությանը քննադատողներին վարկաբեկելն է։ Նա նշել է, որ մեղադրանքներն անհիմն են և հանրային կարծիքը մոլորեցնելու, այլակարծությունը ճնշելու նպատակ ունեն։
Մեկնաբանելով նախընտրական շրջանի վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցը, Գուրբանովն ընդգծել է ադրբեջանական լրատվամիջոցների՝ հատկապես իշխանամետ մամուլի ցուցադրական լռությունը։ «Զեկույցը լուսաբանելու լրատվամիջոցների դժկամությունը միտումնավոր մարտավարություն է՝ ընտրական գործընթացն ուղղորդելու Իլհամ Ալիևի մանդատի երկարաձգմանը», - ասել է նա:
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հունվարի վերջին հրապարակված միջանկյալ զեկույցում նշված է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները նախապատրաստվում են իրական մրցակցության բացակայության պայմաններում լրատվամիջոցների վրա իշխանությունների ճնշումներով և հասարակական կազմակերպությունների մոնիթորինգի խոչընդոտներ ստեղծելով։ Զեկույցում նաև նշված է, որ Ադրբեջանի ընտրական օրենսգրքում որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել, սակայն հաշվի չեն առնվել ԺՀՄԻԳ-ի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախկինում արված առաջարկները, և նշված թերությունները չեն վերացվել։
Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն անցած դեկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևն անսպասելիորեն հայտարարեց արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Այդ որոշումն ընդունելու պատճառների մասին նա ասաց, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը նոր փուլ է բացել, և պետք է առաջին անգամ ընտրություններ անցկացվեն երկրի ամբողջ տարածքում։
2003 թվականից Ադրբեջանի նախագահի աթոռը հորից ժառանգած Իլհամ Ալիևը հինգերորդ անգամ է գնում ընտրվելու, և միակ հարցը թերևս այն է, թե արդյոք կգերազանցվի 2008 թվականի ընտրությունների ռեկորդը, երբ ըստ պաշտոնական տվյալների նա ստացել էր ընտրողների ձայների 89 տոկոսը։