Մատչելիության հղումներ

Ջո Բայդենի առաջարկած ֆինանսական փաթեթի ճակատագիրը դեռ հստակ չէ


ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոմսոնը և նախագահ Ջո Բայդենը, Կապիտոլիում, Վաշինգտոն, 1 փետրվարի, 2024թ.
ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոմսոնը և նախագահ Ջո Բայդենը, Կապիտոլիում, Վաշինգտոն, 1 փետրվարի, 2024թ.

«Սա անցողիկ փաստաթուղթ չէ»

Ֆինանսական լրացուցիչ հատկացումների փաթեթը, որը ներառում է օգնություն Ուկրաինային և Իսրայելին և միջոցների տրամադրում ամերիկյան հարավային սահմանների ամրապնդմանը՝ դեռ չի ստանում հանրապետականների աջակցությունը:

Կիրակի օրը Սենատը, որում աննշան մեծամասնություն ունեն դեմոկրատականները, հրապարակել է երկկուսակցական նախագիծ, որով պետք է լրացուցիչ 118 միլիարդ դոլար ներառվի անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից մեկնարկած 2024 թվականի ֆինանսական տարվա պետական բյուջեում:

«Հուսամ, Սենատը կհաստատի փաթեթը», - ասել է նախագահ Ջո Բայդենը: Կոնգրեսի մյուս պալատում՝ Ներկայացուցիչների տանը, որտեղ մեծամասնություն ունեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակից հանրապետականները՝ փաթեթի հանդեպ ակնհայտ բացասական վերաբերմունք է:

«Ի սկզբանե պարզ է, որ սա անցողիկ փաստաթուղթ չէ, ավելի լավ է ընդհանրապես չբերեն օրակարգ», - ասել է Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը:

Փաթեթն՝ ամերիկյան այսօրվա խնդիրների խորհրդանիշ

Այդ փաթեթը, կարծես, խորհրդանշում է մերօրյա Ամերիկայի ներքին և արտաքին խնդիրները՝ Բայդենի և Թրամփի նախընտրական թեժ վեճերն, ապօրինի ներգաղթը, Մերձավոր Արևելքում թիվ մեկ դաշնակից Իսրայելին այս ծանր օրերին քաղաքական և ռազմական օգնության փոխանցումը և միաժամանակ նույն օգնությունն էլ կենաց-մահու կռիվ տանող Ուկրաինային տրամադրելը:

Իրավիճակ, երբ հիմնական մրցակից Թրամփը զօր ու գիշեր պնդում է, եթե ինքը լիներ՝ պատերազմ չէր լինի ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Գազայում, և ինքն ընտրվելու դեպքում՝ արագ կլուծի բոլոր հարցերը, խաղաղություն կհաստատի ամենուր, կբարելավի հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց նախևառաջ ամուր կփակի սահմանը:

«Հարավային սահմանին աղետ է»

Խոսնակ Մայք Ջոնսոնն իր ելույթներում շեշտը դնում է մարդկանց անհանգստացնող ներգաղթի հարցի վրա:

«Մեր հարավային սահմանին աղետ է, որովհետև այն միտումնավոր լայն բացել են, դա տեսնում ենք երկրում հենց հիմա: Ահա մի կարճ ցանկ՝ Տեքսասից մինչև Նյու Յորք ապօրինի ներգաղթյալների ալիքներ են, դրանք ճնշել են մեր համայնքները: Հենց այն պահից, երբ ընտրվեցի խոսնակ՝ 100 օր առաջ, Բայդենի վարչակազմի թողտվությամբ ավելի քան 700 հազար մարդիկ ապօրինաբար մտել են երկիր», - ասել է Ջոնսոնը:

«Սահմանն ամրապնդելու համար փաթեթը հաստատեք»

Մինչդեռ, Ջո Բայդենն օրենսդիրներին կոչ է անում հաստատել նախագիծը և դրանով կարգավորել այդ հրատապ հարցերը:

«Ուղերձը Ջոնսոնին հետևյալն է, տեսեք, թե ինչ է անում Սենատը, կա երկկուսակցական տարբերակ, մանրամասները կհրապարակվեն չորեքշաբթի օրը: Դրանում առաջին դրույթը հենց սահմանի մասին է, այն ամրապնդելու համար մարդիկ են պետք, միջոցներ, ինչո՞ւ չեք հաստատում», - ասել է նախագահը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակի փոխանցմամբ, ամերիկացի դպրոցականներին ստիպել են անցնել հեռավար ուսուցման, քանի որ ապօրինի միգրանտներին տեղավորում են դպրոցների շենքերում: Կորեական պատերազմի վետերաններին դուրս են հանել ծերանոցներից, որոնք վաճառվել են միգրանտներին կացարաններ տալու համար: Ամերիկյան փողոցներում ամենուր վաճառում են ֆենտանիլ՝ թմրադեղ, որը թունավորում և սպանում է հարյուր հազարավոր երեխաների և չափահասների:

Բայդենը վետո կդնի, եթե փաթեթում չներառվի Ուկրաինան

Բայդենի դիրքորոշումն է՝ հաստատեք փաթեթը, դրանում կան բոլոր ցավոտ հարցերի պատասխանները:

Սենատոր Փաթթի Մյուրեի փոխանցմամբ, 118 միլիարդից 20 միլիարդը պետք է հատկացվի սահմանների ամրապնդմանը, 60 միլիարդը նախատեսվում է Ուկրաինայի, 14 միլիարդն՝ Իսրայելի և 10-ը միլիարդն էլ Հնդկախաղաղօվկիանոսյան շրջանում Չինաստանի ագրեսիվ կեցվածքին հակազդելու, մասնավորապես, Թայվանին օգնելու համար:

Բայդենն ընդգծել է, որ վետո կդնի փաթեթի վրա, եթե դրանում ներառված չլինեն օգնությունն Ուկրաինային և գումարը՝ սահմանն ամրապնդելու համար:

XS
SM
MD
LG