Մատչելիության հղումներ

Բայդենը խոստանում է պատժել ամերիկացի երեք զինվորների մահվան մեղավորներին


Հորդանան - Ամերիկյան «Թաուեր 22» ռազմաբազան արբանյակից արված լուսանկարում, արխիվ
Հորդանան - Ամերիկյան «Թաուեր 22» ռազմաբազան արբանյակից արված լուսանկարում, արխիվ

Երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել Սիրիայի հետ Հորդանանի սահմանի մոտ՝ ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով:

Վաշինգտոնը տեղի ունեցածի համար իրանամետ խմբավորումներին է մեղադրում։ Թեհրանն իր մասնակցության մասին պնդումներն անհիմն է որակում:

Հարձակումից մի քանի ժամ անց Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարեց՝ ամերիկյան զինվորականների դեմ հարձակումն իրականացրել են Իրանի աջակցությունը վայելող զինյալները:

«Թեպետ մենք դեռևս հավաքում ենք փաստերը հարձակման վերաբերյալ, մեզ հայտնի է, որ դա իրականացրել են Սիրիայում և Իրաքում գործող՝ Իրանի աջակցությունը վայելող արմատական զինված խմբավորումները», - ասաց ԱՄՆ նախագահը:

Բայդենը վստահեցրեց՝ պատասխանատվության կենթարկեն բոլոր մեղավորներին «այն պահին և այնպես, ինչպես անհրաժեշտ կհամարեն»։

Իրանն այդ հարվածին իր մասնակցության մասին պնդումները անհիմն է համարում: Երկրի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մեղադրանքներին ի պատասխան պնդեց՝ ԱՄՆ-ի շարունակական հարվածները Սիրիային և Իրաքին, ինչպես նաև Գազայի հատվածում պատերազմն են խորացնում մերձավորարևելյան տարածաշրջանում անկայունությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ դերակատարում չունի այն որոշումներում, որոնք կայացնում են դիմադրող խմբերը պաղեստինցի ժողովրդի աջակցության կամ իրենց ժողովրդի պաշտպանության հարցով», - ասել է Քանանին։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է զորամաս, ինչով էլ բացատրվում է տուժաածների մեծ թիվը։ Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեք զոհից բացի ավելի քան երեք տասնյակ զինվորական է վիրավորվել, կան նաև գլխուղեղի ցնցում ստացած զինծառայողներ:

Սա ամերիկացի զինվորականների մահվան առաջին դեպքն է Մերձավոր Արևելքում Իսրայելի դեմ ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հարձակումից ի վեր։ Վերջին ավելի քան երեք ամիսներին ամերիկյան ռազմակայանները հաճախ են հարձակումների թիրախ դարձել, սակայն մինչև երեկ ԱՄՆ զորքը կորուստներ չէր կրել:

Այս անգամ հարվածն ուղղված էր «Թաուեր 22» ավիաբազայի վրա, որը գտնվում է Հորդանանի հյուսիսարևելյան տափաստանային Ռուկբանում՝ անմիջականորեն Սիրիայի հետ սահմանին։ Այս ռազմակայանի մասին տեղեկությունները սահմանափակ են, հայտնի է միայն, որ դրանում տեղակայված է ԱՄՆ բանակի և օդային ուժերի 350 զինծառայող, և այն ներառում է նյութատեխնիկական աջակցություն։

Միացյալ Նահանգներն իր դաշնակից Հորդանանի տարածքում մի քանի ռազմակայան ունի, որոնցում, ըստ տարբեր գնահատականների, շուրջ 3 հազար ամերիկացի զինվորական կա։ Հարձակման ենթարկված «Թաուեր 22»-ը գտնվում է Սիրիայի հարավ-արևելքում գտնվող ավելի մեծ՝ «Թանֆ» ամերիկյան բազայի հարևանությամբ, որն անցած տարիներին առանցքային դերակատարում է ունեցել ինչպես «Իսլամական պետության» դեմ պայքարում, այնպես էլ Իրանի ռազմական կուտակումները Սիրիայի արևելքում զսպելու հարցում։

Միացյալ Նահանգներն իր համար ռազմավարական նշանակություն ունեցող ներկայության դեմ հարձակմանը և երեք ամերիկացի զինվորականների մահվանը պատասխանելու մի քանի տարբերակ է դիտարկում, գրում է Bloomberg պարբերականը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի իր աղբյուրները:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներն ամերիկյան լրատվամիջոցին հայտնել են, որ Վաշինգտոնի արձագանքը պետք է լինի ավելի լուրջ, քան նախկինում. տարբերակներից մեկը, ըստ Bloomberg-ի, Իրանում գտնվող թիրախների դեմ գաղտնի գործողությունն է՝ առանց ԱՄՆ-ի ուղիղ պատասխանատվության։ Ամերիկացի պաշտոնյաները դիտարկում են նաև իրանցի զինվորականների դեմ ուղղված գործողությունները՝ Քասեմ Սոլեյմանիի սպանության օրինակով:

Bloomberg-ը նշում է, որ նախագահ Բայդենն այժմ ընտրության առաջ է կանգնած․ մի կողմից նա ցանկանում է պատժել ԱՄՆ բանակի վրա հարձակման մեղավորներին և հստակ ազդանշան ուղարկել Իրանին, մյուս կողմից, սակայն, խուսափում է վաղեմի հակառակորդ Թեհրանի հետ ուղիղ առճակատումից, ինչը կարող է է՛լ ավելի սրել պայթյունավտանգ իրավիճակը տարածաշրջանում, որտեղ Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումից, Գազայում Իսրայելի պատերազմի մեկնարկից և առևտրային նավերի վրա Եմենի հութիների հարձակումներից հետո իրադրությունը ծայրաստիճան լարված է։

Մերձավորարևելյան հարցերով փորձագետ Լորա Ջեյմսի գնահատմամբ՝ ամերիկյան ռազմակայանի վրա մահացու հարձակումը բեկումնային իրադարձություն է, ինչին կհաջորդի Վաշինգտոնի կոշտ պատասխանը:

«Տեղի ունեցավ մի բան, ինչի մտավախությունն ունեիք վերջին մի քանի շաբաթներին։ ԱՄՆ-ի համար կորուստները միշտ համարվել են կարմիր գիծ։ Սա բեկումնային պահ է, և Միացյալ Նահանգները ստիպված կլինի պատասխանել նույնիսկ ավելի վճռական, քան նախորդ հարձակումների դեպքում», - Reuters-ի հետ զրույցում կարծիք է հայտնել մերձավորարևելյան հարցերով փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG