Մատչելիության հղումներ

Բորելը ժամանել է Կիև


Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև, տեղեկացրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Ես հնարավորություն ունեցա խոսել նրա հետ գնացքում: Նա Ուկրաինայի իսկական բարեկամն է»,- Տելեգրամում գրել է Գոնչարենկոն։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը երեկ Լեհաստանում էր։ Նա հայտարարեց, որ Լեհաստանից մեկնելու է Ուկրաինա։

«Ես դեպի Ուկրաինա ճանապարհին եմ։ Ես գնում եմ Կիև և ցանկանում էի կանգ առնել Վարշավայում, քանի որ, իհարկե, մենք պետք է խորհրդակցենք մեր լեհ ընկերների հետ, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և ինչպես կարող ենք շարունակել մեր աջակցությունը», - հայտարարել է Բորելը՝ տեղեկացնելով, որ Վարշավայում քննարկել է Ուկրաինային աջակցության բոլոր ձևերը՝ ռազմական, ֆինանսական, վերակառուցման, Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումներ, միջազգային իրազեկում, սառեցված ակտիվների օգտագործում։

Վարշավայում, մամուլի ասուլիսում, Բորելը խոսել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթի մասին՝ նշելով՝ սահմանափակող միջոցներ կներդրվեն այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնել են Մոսկվային շրջանցել պատժամիջոցները։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ցանկանում է պատժամիջոցների փաթեթը հաստատել մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի երկրորդ տարելիցը։

Վերջին անգամ Բորելը Կիև էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարն այն ժամանակ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։

XS
SM
MD
LG