Քարոզչական ծախսերի համար իշխող կուսակցությանը անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից, բացահայտել են հետաքննող լրագրողները։ Ուսումնասիրելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը՝ «Ինֆոքոմ»-ը եզրակացրել է, որ կուսակցության նախընտրական քարոզարշավի գումարների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։
«Նվիրատուներից մեկի դեպքը, որը մենք նյութի սկզբում ենք նկարագրել, երբ իր ծանոթը իրենից խնդրել է նույնականացման քարտը, մտել է «Հայէկոնոմբանկ», դուրս է եկել, ասել է՝ «մտիր, քեզ մի մարդ կա, կուղեկցի, ինչ-որ բան կստորագրես», նվիրատուն մտել է ներս, իրեն ինչ-որ տղամարդ ուղեկցել է, վերցրել է էդ անդորրագիրը՝ առանց իմանալու, առանց տեսնելու էդ գումարները», - պատմում է հետաքննության հեղինակ, լրագրող Լուսի Մանվելյանը:
Սա օրինակներից ընդամենը մեկն է, որ քաղաքացու անունից անհայտ ծագման փոխանցում է արվել ՔՊ հաշվեհամարին: Այսպիսի պատմություններ հետաքննության հեղինակները Երևանի տարբեր հասցեներում են բացահայտել: Որոշ դեպքերում էլ չնայած նվիրատուների ցուցակում մարդկանց անունները կան՝ միևնույն է, նրանք հերքել են, որ գումար են նվիրաբերել իշխանական կուսակցությանը:
Լրագրողներն ուսումնասիրել են հիմնականում 1 միլիոնից մինչև 2.5 միլիոն դրամ փոխանցածների տվյալները և արձանագրել երեք հիմնական օրինաչափություն՝ այդ անձինք ապրում են իրար մոտ հասցեներում, մեծ գումարներ նվիրաբերել են գործարարների ու պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք, նաև՝ պաշտոնյաները։ Օրինակ, Նոր Նորք վարչական շրջանում միայն մի շենքից 5 բնակիչ իշխանական կուսակցությանը տվել է օրենքով թույլատրելի ամենաբարձր՝ 2.5 միլիոն դրամը:
«Սա առաջինն էր հենց, որ մեզ առնվազն տարօրինակ թվաց: Հետո մենք հանդիպեցինք նվիրատուներին ու նրանց խոսքերից ավելի համոզվեցինք մեր կասկածներում, որովհետև դեպքեր ունեինք, երբ մարդիկ ասում էին՝ «մենք տեղյակ չենք», նվիրատուների ծնողները ասում էին՝ «եթե ինքը էդքան գումար ունենար, վարկերը կփակեր, էրեխեքի համար ինչ-որ բան կաներ»: Ու բնակության պայմաններն էլ էին մեզ թույլ տալիս ենթադրել, որ դժվար մարդիկ 2.5 միլիոն՝ շուրջ 6 հազար 500 դոլար նվիրաբերեին կուսակցությանը», - ընդգծում է Մանվելյանը:
«Ասենք՝ որևէ անձ չգիտի, որ իր անունով գումար է մուտք արվել, դա իհարկե անընդունելի է: Ես հիմա ձեզ վստահեցնում եմ, ես կարող եմ նաև մեր պաշտոնական կարծիքը հայտնել՝ դա մեզ համար անընդունելի, խիստ անընդունելի բան է», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ
Գևորգ Պապոյանը:
Իշխանական կուսակցության փոխնախագահը զայրացած և զարմացած է հրապարակումից, միևնույն ժամանակ բացատրություն չունի՝ այդ դեպքում ինչպե՞ս են քաղաքացիների անունից միլիոնավոր դրամներ փոխանցվել «Քաղաքացիական պայմանագրին». - «Եթե նման բան տեղի է ունեցել, պետք է հասցեատերերի հետ խոսել, միգուցե տեղի չի՞ ունեցել, միգուցե շփոթմո՞ւնք կա: Չեմ կարող որևէ հստակ բան ասել, որովհետև, կրկնում եմ, հստակ հայտարարում եմ՝ կուսակցությունը չի կարող, չէր կարող, դա անընդունելի բան է»:
Հետաքննության հեղինակ Լուսի Մանվելյանը, մինչդեռ, պնդում է՝ կազմակերպված մեխանիզմ է գործել ոչ միայն մարդկանց անունից անհայտ ծագման գումարներ փոխանցելու, այլև՝ գործարարների ներգրավվածության հարցում: Նախ՝ այդ գումարները փոխանցվել են իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» միջոցով, բացի այդ՝ խոշոր նվիրատուների շարքում են նախկին հանրապետական, գործարար Աշոտ Արսենյանի, «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձինք, ինչպես նաև «Երեմյան փրոջեքթս»-ի աշխատակիցները: Սննդի ոլորտում գործող այս ընկերությունից, օրինակ, 8 հոգի փոխանցել է հենց առավելագույն 2.5 միլիոն դրամը:
«Կապ ենք հաստատել «Երեմյան փրոջեքթս»-ի հետ, մեզ տեղեկացրել են, որ ընկերությունը դրա հետ ընդհանրապես կապ չունի, ընկերությունն ունի 2 հազար 500-ից ավելի աշխատակիցներ ու չի վերահսկում, թե ինչ քաղաքական հայացքներ ունեն և ինչ են անում: Բայց ինձ թվում է՝ պատահական չէ, որ այն 8-ին, որին մենք նույնականացրել ենք, ղեկավար կազմի ներկայացուցիչներ են ու, դե իհարկե, մենք մեր աղբյուրներից ունենք տեղեկություն, որ փոխանցվել են ընկերության գումարները հենց և ոչ թե մարդկանց անձնական գումարները», - ընդգծում է Լուսի Մանվելյանը:
Իշխող կուսակցության փոխնախագահը տրամաբանական չի համարում, որ գործարարներն իրենց աշխատակիցներին գումարներ կբաժանեին՝ «Քաղաքացիական պայմանագրին» փոխանցում անելու համար:
«Կուսակցության դրամահավաքին մասնակցելը որևէ գործարարի երբևէ չի ազատել և չի ազատելու որևէ պարտավորությունից և չի տալու և չի տվել որևէ առավելություն», - վստահեցրեց Գևորգ Պապոյանը:
Փոխանցումներ իրականացրած գործարարներից Արսեն Արսենյանի որդին, օրինակ, մեղադրվում էր զինվորական ծառայությունից ապօրինի ազատվելու համար, քրեական գործն ավելի ուշ կարճվել է: «Երեմյան փրոջեքթս»-ն անցած տարեվերջին Տաշիր համայնքում պետության աջակցությամբ անասնապահական խոշոր համալիր բացեց: Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսները, ըստ իրենց իսկ պատրաստած տեսահոլովակների, ընդլայնվում են: Սա չի՞ նշանակում արդյոք, որ այս գործարարների համար կարող են խաղի արտոնյալ պայմաններ սահմանվել։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ հենց սա է քաղաքական կոռուպցիան։
«Մենք ունենք այսպես կոչված «դու՝ ինձ, ես՝ քեզ» լատինական արտահայտությունը, որ միջազգային տերմինաբանությամբ փորձագիտական հանրությունը օգտագործում է` quid pro quo նվիրատվությունն էր: Այսինքն՝ բիզնեսը անում է նվիրատվություն իշխող քաղաքական ուժին, դրա փոխարեն հետո իշխող քաղաքական ուժը որոշակի հարկային, մաքսային արտոնություններ և այլ տիպի արտոնություններ է տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հոկտանյանը:
Իշխանական պատգամավորն ասում է՝ եթե այդ հրապարակման մեջ հանցակազմ կա, թող իրավապահները պարզեն: Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ հրապարակումը չեն ուսումնասիրում:
Ի դեպ, նվիրատուների ցուցակը ստանալու՝ լրատվամիջոցների հարցումներն ամիսներ շարունակ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մերժել է, այն տրամադրել է միայն այն բանից հետո, երբ դատական հայց է ներկայացվել: Գևորգ Պապոյանն այսօր պնդում էր, թե կուսակցությունում տեղյակ չեն եղել, որ այդ հարցումները մերժվել են: Հետաքննության հեղինակը, սակայն, ասում է՝ հարցումներից բացի իրենք նաև հեռախոսազրույց են ունեցել կուսակցության մյուս փոխնախագահի՝ Վահագն Ալեքսանյանի հետ: