Հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է սահմանազատման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների նիստը։ Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս մեկի վերաբերյալ կողմերը որևէ մանրամասն չեն հայտնել:
Երևանն ու Բաքուն նույնաբովանդակ հաղորդագրությամբ միայն տեղեկացրել են, թե սա երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների 6-րդ հանդիպումն էր։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ երկու երկրների փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովների հանդիպումից հայկական կողմը հստակության ակնկալիք ունի։ Խորհրդարանի խոսնակն ակնարկել էր, թե կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել քարտեզների հարցում:
«Մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը։ Ոչ միայն ցույց տալ ինչ-որ երևակայական քարտեզներ, այլ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով: Եվ մենք լիահույս ենք, որ կհաջողվի այսօր ու հետագայում առաջ գնալ այդ հանձնաժողովի գործունեության մեջ», - նշեց Սիմոնյանը:
Երևանն առաջարկում է սահմանազատումն անել խորհրդային ամենաթարմ՝ 1975 թվականի քարտեզներով. մինչդեռ Բաքուն դեմ է։ Ադրբեջանի նախագահն այդ հարցին տարեսկզբին էր անդրադարձել։
«Այսինքն, նրանք ուզում են մի կողմ թողնել 1960-ականների, 50-ականների, 40-ականների քարտեզները և հղում անել հենց՝ 70-ականներին, քանի որ մեր պատմական հողերն այդ ժամանակ արդեն նրանց էին տրվել։ Ուստի, մենք վճռականորեն ընդդիմացել և ընդդիմանում ենք դրան», - ասել է Իլհամ Ալիևը։
Միևնույն ժամանակ Ալիևը Երևանից պահանջել էր, Ադրբեջանի նախագահի ձևակերպումն է՝ «օկուպացված ութ գյուղերը»։ Ալիևն ասել է, թե ակնկալում է, որ սահմանազատման հանձնաժողովների այս ամսվա նիստում հստակություն կմտցվի նաև ակնկլավների հարցում։ Ըստ Ալիևի՝ հունվարին նախատեսված հանդիպման «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»։
Մինչդեռ հայկական կողմն այսօրվա հանդիպման օրակարգի մասին այլ տեղեկություն էր հայտնել։ Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ նախնական պայմանավորվածությամբ, հանդիպմանը սահմանվելու են փաստաթղթերի տեսակները, նույնականացվելու քարտեզները։ Տարեվերջին՝ սահմանազատման հանձնաժողովների առաջին նիստից մեկուկես տարի անց՝ Երևանն ու Բաքուն հաստատեցին համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման աշխատակարգը։
«Մեթոդաբանություններ պետք է նկարագրենք և սահմանումներ պետք է տանք ավելի կոնկրետ, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ, ինչը գերկարևոր է, և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ», - ասել է Գրիգորյանը։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովներից մեկն անցկացվել է, մեկը՝ Երասխի հատվածում, 3-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում: