Մատչելիության հղումներ

Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները պաշտոնական Երևանը համարում է «լրջագույն հարված խաղաղության գործընթացին»


«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»,- Գավառում ընթացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Վերահաստատելով, որ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինեն 1991-ի դեկտեմբերին Ալմա-Աթիի հռչակագրի վրա և այս պայմանավորվածությունները Բաքուն և Երևանն արձանագրել են եռակողմ հանդիպումների ժամանակ՝ վարչապետը շեշտեց՝ Բաքվի այսօրվա հայտարարություններն ուղիղ հակասում են այս տրամաբանությանն ու այս պայմանավորվածությանը։

«Ալմ-Աթիի հռչակագիրն ասում է՝ Խորհրդային Միությունը, որ փլուզվեց, այն երկրները, ովքեր միացել են Ալմա-Աթիի հռչակագրին, իրենք իրենց տարածքներով ձեռք են բերում անկախություն, և ադմինիստրատիվ սահմանները խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած դառնում են պետական սահմաններ», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այլ արդեն գոյություն ունեցող սահմանները վերարտադրելու մասին է։

«Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ»

«Ի հեճուկս այս պայմանավորվածությունների՝ Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է», - ասաց Փաշինյանը։

Օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի»։

Բաքուն նաև շեշտել է, թե Հայաստանը պետք է անխոչընդոտ անցում տա Զանգիլանի ու Օրդուբադի միջև՝ դա համարելով Երևանի պարտավորությունը։ Ալիևը նաև ասել է, թե «բեռները, քաղաքացիները և ավտոմոբիլային միջոցները, որոնք կերթևեկեն Ադրբեջանից Նախիջևան, պետք է ազատորեն անցնեն, առանց որևէ զննության ու մաքսային վարչարարության»։

Արձագանքելով Փաշինյանը հայտարարեց՝ դա կրկին նկրտում է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։

Բաքուն թեև հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կիրականացնի Իրանի հետ, սակայն այս տարեսկզբից կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին։

Հայաստանի վարչապետը շեշտեց․ - «Ինչ պայմանով Իրանի Իսլամական Հանրապետությունը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել էդ կապը՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային»։

«Ադրբեջանն ու Ռուսաստանը ցույց են տվել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրենց համար այլևս գոյություն չունի»

Ընդգծելով, որ Բաքուն հաճախ է վկայակոչում նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ Փաշինյանը շեշտեց՝ ըստ էության այդ եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, նրա ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը, ըստ էության, ցույց են տվել, որ էդ փաստաթուղթն իրենց համար այլևս գոյություն չունի։

«Այն գործողությունները, որ ձեռնարկվել են ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի մասնակցությամբ, դա վկայությունն է այն բանի, որ իրենց համար այդ փաստաթուղթը գոյություն չունի։ Ինչպե՞ս կարող է այդպես լինել, որ երկու կողմի համար այդ փաստաթուղթն այլևս չկա, երրորդ կողմի համար էդ փաստաթուղթը շարունակի գոյություն ունենալ»,- ասաց Փաշինյանը։

«ՀՀ-ն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում»

Բաքվից հնչող պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում արձանագրություն կա, թե՛ «Զանգեզուրի միջանցքի» և թե՛ ՌԴ-ի կողմից այդ ճանապարհների անվտանգությունն ապահովելու մասին՝ Փաշինյանը հերքեց՝ «հայտարարությունում այդ երկուսից ոչ մեկը չկա գրված»։

«Ոչ մի տեղ գրված չէ, որ ՌԴ-ն Հայաստանի տարածքում որևէ կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի։ Ընդհակառակը՝ գրված է, որ ՀՀ-ն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում և դա բնական է», - ասաց Հայաստանի գործադիրի ղեկավարը՝ դրամական պարգև խոստանալով նրան, որ այդ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանց» արտահայտություն կգտնի։

«Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր»

Տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ալիևը բարձրացրել էր նաև գյուղերի վերադարձի հարցը։

Անդրադառնալով թեմային՝ Փաշինյանը հայտարարեց՝ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակության տարածքներն օկուպացված են նաև Գեղարքունիքի մարզում։

«Երևանն ասում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացրած տարածքներ պետք է չլինի, հետևաբար այնտեղ, որտեղ պարզվի, որ Հայաստանն է ինչ-որ տարածքներ հսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, Հայաստանը պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին և Ադրբեջանն է պահում տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ սա քաղաքական պայմանավորվածություն է, բայց գործնականում անիրագործելի՝ առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի։

«Ադրբեջանի ընկալումն է, որ Հայաստանը պետք է բանակ չունենա՞»

Անդրադառնալով Հայաստանի զենքի գնման շուրջ Բաքվի քննադատություններին՝ Փաշինյանը նախ հիշեցրեց բանակն ուժեղացնելու Ադրբեջանի հայտարարությունը, ապա հարց հնչեցրեց․ - «Ադրբեջանի ընկալումն է, որ Հայաստանը պետք է բանակ չունենա՞։ Եթե էս է ընկալումը, նշանակում է, որ կասկածի տակ է դրվում Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է»։

Փաշինյանն առաջարկում է Բաքվին՝ սպառազինությունների վերահսկման պայմանագիր կնքել

Հիշեցնելով, որ Ադրբեջանը մերժել է զորքերը հայելային հետ քաշելու, սահմանային շրջանները ապառազմականացնելու Հայաստանի առաջարկները, Փաշինյանը նոր առաջարկ արեց՝ կնքել պայմանագիր սպառազինությունների վերահսկման վերաբերյալ։

«Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայամանվորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսին այդ պայմանավորվածությունների կատարումը վերհսկելու հնարավորությույն ունեն», - ասաց գործադիրի ղեկավարը։

«Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով»

Հայաստանն ու Ադրբեջանը մինչև էս պահը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով, վերահաստատեց Փաշինյանը։

Առանց անուններ տալու՝ վարչապետը չժխտեց՝ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում կան և կլինեն ուժեր, ովքեր շահագրգռված չեն խաղաղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG