Մատչելիության հղումներ

Հայաստան են ժամանել ԵՄ և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հանդիպումը, 19-ը հունվարի, 2024թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հանդիպումը, 19-ը հունվարի, 2024թ.

Խաղաղության պայմանագրի փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին Արևմուտքից հնչող հայտարարությունների ֆոնին Հայաստան են ժամանել ԵՄ և ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչները։ Տոյվո Կլաարն ու Խավիեր Կոլոմինան արդեն մի շարք հանդիպումներ են ունեցել հայաստանյան պաշտոնյաների հետ։

Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք «հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը»։

Վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու գործողությունների անհրաժեշտությունը։

Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին «Զանգեզուրի միջանցք» էր պահանջել, խոսել ոչ միայն անկլավների վերադարձից, այլև պնդել, թե 44-օրյա պատերազմից հետո օկուպացված հողատարածքներից հետ չեն գնա, մերժել միջազգային երաշխավորի հայկական առաջարկը, ասել, որ համաձայն չեն նաև սահմանազատումը 1975 թվականի քարտեզներով իրականացնել:

«Զանգեզուրի միջանցքի» պահանջին ի պատասխան Հայաստանը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին է ներկայացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նկարագրելով տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Կլաարն ու Գրիգորյանը քննարկել են նաև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր:

Այս այցերի ֆոնին խաղաղության պայմանագրի ստորագրման մասին խոսել են Վաշինգտոնում։ Այսօր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերն է ճեպազրույցի ժամանակ է ասել՝ որքան շուտ, այնքան լավ՝ ընդգծելով, որ կողմերը անցած տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել։

Մոսկվան էլ, որ տևական ժամանակ դուրս է մնացել հայ - ադրբեջանական բանակցություններից, պնդում է, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն, ինչպես արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր ասել՝ իրենց համար «անհայտ է» Երևանի դիրքորոշումը։

«Մեր արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի միայն իրենց տարածքում, սա փաստ է, այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, ջանքեր են գործադրվում հակամարտությունը դադարեցնելու և փոխգործակցության ամբողջ համակարգերը բոլոր հարցերը լուծելու համար, նույնպես փաստ է։ Թե որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ անհայտ է, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք», - նշել է Լավրովը։

Ի դեպ, ոչ Եվրամիության, ոչ էլ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Հայաստանից Բաքու չեն մեկնելու։ Տոյվո Կլաարի գրասենյակից «Ազատությանը» հայտնել են, որ պատճառը Ադրբեջանում նախընտրական արշավն է՝ ընդգծելով «իհարկե, Կլաարը սերտ կապի մեջ է և կանոնավոր շփվում է նաև Ադրբեջանի ղեկավարության հետ»։

Երևանից հետո Բաքու չէր մեկնել նաև Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Թե ինչո՞ւ, պաշտոնական բացատրություն չի հնչել։

Չնայած Ադրբեջանից հնչող կոշտ հռետորաբանությանը՝ Հայաստանը հայտարարում է, որ շարունակելու է առաջ շարժվել խաղաղության օրակարգով, բայց առաջնորդների բանակցության հեռանկար մինչև Ադրբեջանում ընտրական գործընթացի ավարտը չեն տեսնում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG