Մատչելիության հղումներ

Փաշինյանը Բաքվին նոր առաջարկներ է անում, ընդդիմությունը դա համարում է ձախողման հետևանք


Հայաստանի վարչապետը դարձյալ առաջարկում է Բաքվին վերահսկել միմյանց սպառազինությունների գնումները, ինչպես նաև չհարձակման պայմանագիր կնքել։ Նիկոլ Փաշինյանն իր այս գաղափարների մասին բարձրաձայնում է հրապարակային ելույթներում: Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը այսօր պարզաբանեց՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծում դրանց անդրադարձ չկա:

«Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել: Եթե լինեն համապատասխան դրական ազդակներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն», - ասաց Կոստանյանը:

Սպառազինությունների գնումները վերահսկելու առաջարկ Նիկոլ Փաշինյանն արել էր մոտ երկու շաբաթ առաջ: Երեկ վարչապետը բանակի օրվան նվիրված ուղերձում կրկնեց այն, դրան ավելացնելով ևս մեկը՝ չհարձակվելու մասին պայմանագիրը: Նախկին առաջարկներն էլ հիշեցրեց: Երևանն ակնկալում էր Բաքվի հետ համաձայնության գալ զորքերի հայելային հետքաշման հարցում: Սա Ադրբեջանն արդեն մերժել է:

«Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո: Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում այն պայմաններում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու», - նշել է Փաշինյանը:

Վարչապետը սկսեց նոր գաղափարներ առաջարկել, երբ արձանագրեց, որ Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչած հայտարարությունները «լրջորեն հարվածում են խաղաղության գործընթացին»: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ Բաքուն իր առաջարկներով փորձում է հետագա պատերազմները լեգիտիմացնող փաստաթուղթ ունենալ:

Ընդդիմադիր Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ վարչապետի վերջին առաջարկները փաստում են, որ Հայաստանի բանակցողները խաղաղության գործընթացում ձախողել են:

«Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, խաղաղության գործընթացի քաղաքական բանկրոտ կողմն է և շարունակ հրապարակ է նետում մտքեր, նոր տեսակետներ, որոնք հերթական անգամ նոր ստրեսի են ենթարկում մեր հասարակությանը: Այս ամենը խոսում է այն մասին, որ առհասարակ խաղաղության գործընթացը ոչ միայն ձախողված է, այլև Ադրբեջանի կողմից մենք շարունակ բախվում ենք ագրեսիվ հռետորաբանության հետ», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Վարչապետը կարծում է՝ եթե Բաքվին ուղղված առաջարկներն ընդունվեն, կնվազի ռազմական էսկալացիայի հնարավորությունը: Իսկ այդ վտանգը պահպանվում է, անցած շաբաթ չէր հերքել արտգործնախարարար Միրզոյանը։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ հայկական առաջարկները դրական արձագանք չեն գտնում, որովհետև Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը ոչ թե խաղաղության, այլ ագրեսիայի պատրաստվելու մասին է:

«Արդեն Հայաստանի խորքերում էլ նրանք, այսպես ասեմ, հավակնություններ ունեն տարածքային, և Հայաստանի իշխանության ոչ ադեկվատ վարքագիծ է: Սա ազգային ողբերգություն է, և մենք հերթական անգամ բախվում ենք Հայաստանի որպես պետականության կազմաքանդման: Եվ, ցավոք սրտի, սա է իրականությունը, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, Հայաստանի պետականության գերեզմանափորն է», - նշեց Գալստյանը:

Երևանն ու Բաքուն խաղաղության բանակցություններում, ըստ էության, առանցքային հարցերում դեռ համաձայնություն չունեն: Չնայած սրան՝ Նիկոլ Փաշինյանը երեկ վերահաստատեց՝ խաղաղության օրակարգից չեն շեղվելու:

«Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ` մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից», - ասել է վարչապետը:

Որո՞նք են այդ երաշխիքները, վարչապետն իր ելույթում փակագծեր չբացեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG