Կիևը հաստատեց ռուսական կողմի անցած օրերի հրապարակած 65 անձանց ցուցակը, որոնց հունվարի 24-ին նախատեսվում էր փոխանակել ռուս գերիների հետ։ Այս մասին ասված է Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող կենտրոնի հաղորդագրությունում։
Հունվարի 24-ին նախատեսված փոխանակումը տեղի չի ունեցել, նույն օրը Բելգորոդի մարզում կործանվել է ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը։
Վթարից անմիջապես հետո ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ ինքնաթիռում բացի անձնակազմից և ուղեկցորդներից, 65 ուկրաինացի ռազմագերի է եղել։
Մոսկվան օդանավի կործանման համար Ուկրաինային է մեղադրում։
Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ հաստատել են, ո՛չ հերքել ինքնաթիռի և գերիների հետ տեղի ունեցածի ռուսական վարկածը։