Մատչելիության հղումներ

Գտնվել են Իլ-76 օդանավի սև արկղերը. Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրում են


Ռուսական կողմը հայտնել է, թե գտնվել և Մոսկվա են տեղափոխվել երեկ կործանված օդանավի երկու սև արկղերը։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունն էլ քրեական հետաքննություն է սկսել Բելգորոդի մարզում ռուսական Իլ-76 ինքնաթիռի կործանման փաստով։

Ինքնաթիռում պետք է գտնվեին ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն վերջին պահին Դաշնության հատուկ ծառայություններն արգելել էին նրանց օդանավ բարձրանալ, այսօր հայտարարել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։ Նրա խոսքով՝ ուկրաինական հետախուզությունն այս մասին տեղեկացել է ինքնաթիռի կործանումից հետո։

Յուսովի փոխանցմամբ՝ ռուս փրկարարներին թույլ չեն տվել զննել կործանման վայրը, վթարի վայրից տեսանյութում մարդկային մարմինների մնացորդներ չեն երևում, և միայն հինգ դի է երեկ տարվել Բելգորոդի դիահերձարան։

Ռուսաստանի իշխանությունների պնդմամբ՝ ուկրաինացի ռազմագերիներին փոխադրող ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանման մասին առաջին հաղորդագրություններից 12 ժամ անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Կիևը պնդելու է անցկացնել միջազգային հետաքննություն։

«Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի գերիների կյանքի, նրանց հարազատների զգացմունքների, մեր հասարակության հույզերի հետ։ Բոլոր հստակ փաստերը պետք է հնարավորինս ուսումնասիրվեն՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի տարածքում՝ մեր վերահսկողությունից դուրս», - ասել է նա:

Զելենսկին, սակայն, կարծիք չի հայտնել, թե ով կարող էր խոցել ռուսական Իլ-76-ը, կամ ինչն է դարձել դրա անկման պատճառը։

«Եթե նա նկատի ունի Կիևի ռեժիմի հանցավոր գործողությունների միջազգային հետաքննությունը, դա միանշանակ անհրաժեշտ է», - նշել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովն այսօր պնդել է՝ ինքնաթիռի կործանման համար պատասխանատու է Ուկրաինան. - «Այն, որ ուկրաինացիները սպանել են իրենց բանտարկյալներին, քաղաքացիներին, որոնք բառացիորեն մեկ օրից պետք է լինեին տանը, իհարկե, բացարձակապես հրեշավոր արարք է»։

Կրեմլում, նրա խոսքով, սպասում են ռուս զինվորականների կողմից անցկացված հետաքննության արդյունքներին։

Ռուսական օդանավի կործանումը նաև Միացյալ Նահանգներն է հետաքննում։ Հստակ հետևություններ անելու համար Սպիտակ տունը բավարար տեղեկություն դեռ չունի երեկ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Մենք տեսել ենք ինքնաթիռի կործանման մասին հաղորդումները, փորձում ենք տեղեկություն ստանալ, բայց ենթադրություններ անելն իմ կողմից անխոհեմ կլինի։ Մենք չգիտենք, թե որքանով են հավաստի այս հաղորդումները։ Ուկրաինան մի բան է ասում, Ռուսաստանը՝ մեկ այլ բան, մենք բավականաչափ տեղեկություն դեռ չունենք», - հավելել է նա։

Ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը կործանվել է հունվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի Բելգորոդի մարզում։ Ռուսական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ օդանավում եղել է 65 ուկրաինացի ռազմագերի, որոնց տեղափոխում էին Բելգորոդ՝ փոխանակման նպատակով, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ և երեք ուղեկցող անձ։ Նրանք բոլորը, ըստ Ռուսաստանի իշխանությունների, մահացել են։

ՌԴ պաշտպանության նախարարությունը Իլ-76-ի կործանումն անվանել է ահաբեկչություն և դրա համար մեղադրել ուկրաինացի զինվորականներին։ Ուկրաինայի իշխանությունները չեն ստանձնել վթարի պատասխանատվությունը, սակայն ինքնաթիռի կործանման մեջ Ռուսաստանին չեն մեղադրել։ Ուկրաինական ռազմական հետախուզությունը հաստատել է, որ Մոսկվան և Կիևը հունվարի 24-ին նախապատրաստում էին գերիների փոխանակում՝ հավելելով, որ ուկրաինական կողմը հավաստի տեղեկություններ չունի, թե ովքեր են եղել Իլ-76-ում։

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է իր ուղևորությունը երկրի կենտրոնական շրջաններ և արգելել է իր ծննդյան օրվա առիթով բոլոր հանդիպումները։ Այսօր Ուկրաինայի նախագահը դառնում է 46 տարեկան։

Մինչ այդ ճակատում իրավիճակը մնում է բարդ, ուկրաինական կողմն անցել է պաշտպանության և խրամատներ է փորում ռուսների առաջխաղացումը կանգնեցնելու համար, իսկ ռուսական զորքերն էլ անդադար գրոհում և արդեն մոտեցել են Դոնեցկից տասը կիլոմետր հեռու գտնվող Ավդեևկա քաղաքին, որն ուկրաինացիները պաշտպանում են պատերազմի առաջին օրվանից։

Ռուսական բանակը Ավդեևկայում մոտեցել է քաղաքի հարավային ծայրամասում գտնվող 9-րդ շրջանին, հայտնում է ուկրաինական DeepState ռազմական ռեսուրսը։

Սա 9 հարկանի շենքերի շրջան է, որն առանցքային նշանակություն ունի քաղաքի վերահսկողության համար: Այժմ Ավդեևկայի հարավային ծայրամասում ծանր մարտեր են ընթանում՝ հարձակումներ և հակագրոհներ երկու կողմից ասում են փորձագետները, հավելելով, թե այն չափազանց կարևոր թաղամաս է, և եթե ուկրաինական կողմն այն կորցնի, շատ արագ կկորցնի նաև ամբողջ քաղաքը։

XS
SM
MD
LG