Համաժողով երկու պատերազմների օրերին
2024 թվականի առաջին միջազգային խոշոր միջոցառումը Դավոսի տնտեսական համաժողովն է՝ ավանդական ամենամյա հավաք, որն այս անգամ գումարվում է գերլարված ժամանակաշրջանում:
Եվրոպայում արյունալի պատերազմ է, որը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ:
Նույնքան դաժան է պատերազմը Գազայում, որը 2023-ի հոկտեմբերի 7-ին սկսվել է Իսրայելի ավանների վրա «Համաս»-ի զինյալների կատարած գրոհով: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել: Արդարադատության միջազգային դատարանն էլ այս օրերին քննում է Գազայում ցեղասպանություն իրագործելու Իսրայելին ներկայացված մեղադրանքը:
Բացի այդ, Դավոսում հավաքվող քաղաքական լիդերները և համաշխարհային բիզնեսի առաջատար գործիչները պետք է քննարկեն բուն ֆինանսական-տնտեսական զարգացումները:
Դավոսում պաշտոնական օրակարգում չէ, սակայն անպայման կքննարկվի ամերիկյան նախագահական ընտրությունների թեման: Դրանք, առնվազն տեսականորեն, կարող են ավարտվել նախկին հանրապետական նախագահ Դոնալթ Թրամփի հաղթանակով, ինչը չափազանց մեծ ազդեցություն կգործի ամբողջ աշխարհի քաղաքականության վրա:
Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ուղիների որոնում
Երեկ Դավոսում տեղի է ունեցել շուրջ ութ տասնյակ երկրների ազգային անվտանգության խորհուրդների ղեկավարների 4-րդ հանդիպումը, որի օրակարգում էր նաև Ուկրաինայի պատերազմի ավարտի հնարավոր պայմանների հստակեցումը:
Քննարկումներին մասնակցել են թե՛ Ուկրաինային սատարող և թե՛ այդ պատերազմի հարցում չեզոք դիրքորոշում որդեգրած երկրների անվտանգության հարցերով պաշտոնյաները: Ներկա է եղել նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ռուսաստանը ոչ առաջին երեք և ոչ էլ այս չորրորդ հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Մոսկվան արդեն քննադատել է քննարկումների փաստը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե առանց Ռուսաստանի մասնակցության, Ուկրաինայի հարցով որևէ քննարկում չի կարող արդյունավետ լինել:
Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը նաև հիշեցրել է, որ Կիևն ի պաշտոնե արգելել է բանակցությունները Ռուսաստանի ներկայիս իշխանության հետ:
«Այդ պայմաններում, երբ հավաքական Արևմուտքը և Ուկրաինան չեն ցանկանում ճանաչել մեր մտահոգությունները և օրինական պահանջները, մենք ստիպված ենք շարունակել հատուկ ռազմական օպերացիան և դրանով հասնել մեր նպատակներին», - ասել է Պեսկովը:
Դաշնակիցները Կիևին չեն առաջարկում գնալ զիջումների. Երմակ
Մինչդեռ, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը գովեստով է խոսել Դավոսում տեղի ունեցած հավաքի մասին:
«Մենք բաց և կառուցողական քննարկումներ ենք անցկացրել: Մանրամասն խոսել ենք Ուկրաինայի և աշխարհի համար համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու հիմնական սկզբունքի մասին»,- ասել է Երմակը:
Նրա փոխանցմամբ, դաշնակից երկրներից և ոչ մեկը չի առաջարկում գնալ զիջումների հանուն խաղաղության: Նման հստակ և վճռական վերաբերմունք է այդ թվում Ղրիմի հարցում:
Զելենսկին վաղը Դավոսում հանդես կգա ուղերձով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր պետական այցով մեկնել է Շվեյցարիա: Ցյուրիխի օդակայանում նրան դիմավորել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսն, ով երեկ Դավոսում ասել է, թե բոլոր դեպքերում այս պատերազմն ավարտելու համար ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի բանակցել Ռուսաստանի հետ:
Զելենսկին և Կասիսը Ժնևի օդակայանից ուղղաթիռով տեղափոխվել են Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռն, Ուկրաինայի նախագահին պետք է ընդունի Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը: Դրանից հետո Զելենսկին կմեկնի Դավոս: Նրա ելույթը համաժողովում վաղն է նախատեսված: