Մատչելիության հղումներ

Մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը դժվար թե հանդիպում տեղի ունենա․ Պապոյան


Մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը դժվար թե Ալիև-Փաշինյան հանդիպում տեղի ունենա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Դիտարկմանը, թե կողմերը խոսում են խաղաղությանն պայմանագրի կնքման կարևորությունից, սակայն առանցքային կետերում տարաձայնությունները պահպանվում են, Պապոյանն այսպես արձագանքեց․ - «Մենք չենք կարող մեր օրակարգը խաղաղության օրակարգից փոխել և վերադառնալ պատերազմի օրակարգին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք բոլոր այն պայմանները, որ մեզ առաջադրվել են, դրա համար էլ մոտ չորս տարի է բանակցում ենք»։

Տարեվերջին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Սակայն այս տարեսկզբին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դեկտեմբերի վերջին ստացել են խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական նոր առաջարկները և տեքստում որոշակի հետընթաց են տեսել՝ բանավոր համաձայնեցված դրույթները խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակում այլ տեսք են ստացել։

Օրեր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի, իսկ ավելի վաղ Բաքուն խոսում էր «Զանգեզուրի միջանցքի» այլընտրանքի՝ Իրանով ճանապարհի մասին։ Ալիևը հայտարարեց նաև, որ մերժում է խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու, զորքի հայելային ետքաշման Երևանի պահանջները, բայց կողմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ադրբեջանի նախագահը նաև առաջ քաշեց «8 գյուղերի վերադարձի» հարցը։ Արձագանքելով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված համարեց խաղաղության գործընթացին։

Պապոյանն այսօր չշտապեց բանակցությունները փակուղային որակել՝ նշելով՝ քանի դեռ կա բանակցելու հնարավորություն, խոսելու հնարավորություն և կա առաջարկներ փոխանակելու հնարավարություն, էդպիսի իրավիճակի մասին չէր խոսի։

«Բայց ակնհայտորեն այն լավատեսությունը, որը կարող էր լինել իմ մոտ չկա, նաև այդ հռետորաբանության արդյունքում, բայց ես կարծում եմ, որ պետք է շարունակել աշխատել, բնականաբար, կարմիր գծերը պահելով», - ասաց պատգամավորը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG