Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե հայ-ադրբեջանական բանակցությունները կտրուկ հետընթաց են գրանցել


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե հայ-ադրբեջանական բանակցությունները կտրուկ հետընթաց են գրանցել՝ թեև վարչապետ Փաշինյանը արձագանքելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին ասել էր, որ դրանք լրջագույն հարված են խաղաղության գործընթացին:

«Չէ, ոչ մի կտրուկ բան տեղի չի ունեցել, բանակցությունները, փոխանակումը շարունակվում է և դրական առումով կարելի է ասել, որ զարգացում կա: Իսկ վարչապետի արձագանքն ավելի շատ կարելի է նաև զարմանք որակել, որովհետև հաճախ այդ հռետորաբանությունը դուրս է այն խոսակցություններից, փոխանակված փաստաթղթերից, թեզերից», - նշեց Սիմոնյանը:

Մինչդեռ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հետընթացը նաև փաստաթղթում է արձանագրվել, բանավոր համաձայնեցված դրույթները խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակում այլ տեսք են ստացել։

«Չկա որևիցե կետ, որտեղ գրված է, որ այս պայմանագրով Հայաստանը միակողմանի պարտավորվում է և այլ: Ասել հետընթաց, նշանակում է, որ ինչ-որ բան է եղել, որից հետ են կանգնել, իսկ ես կարող եմ ասել, որ կա պայմանագիր քննարկվող, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահի դրությամբ», - ընդգծեց Ազգային ժողովի նախագահը:

Փոխարենը Ալեն Սիմոնյանը պնդում է՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Ադրբեջանի նախագահը օգտագործում է նույն բառապաշարը, ինչ հայկական կողմը 30 տարի. - «Մենք ասել ենք, որ Նախիջևանը Հայաստան է, մենք ասել ենք, որ Ղարաբաղը Հայաստան է, գնալու ենք Բաքվում թեյ խմենք, մի խոսքով այդ բառապաշարի մեջ ենք մտել»:

Ըստ ԱԺ ընդդիմության, Փաշինյան-Ալիև բանավեճը ցույց տվեց՝ խաղաղության պայմանագիր եթե կնքվի էլ, խաղաղություն չի բերելու

Ըստ խորհրդարանական ընդդիմության, Փաշինյան-Ալիև հրապարակային բանավեճը կրկին ցույց տվեց՝ խաղաղության պայմանագիր եթե կնքվի էլ, խաղաղություն այն չի բերելու. Ադրբեջանի ախորժակը միայն մեծանում է։

«Պատիվ ունեմ»-ի քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ Արցախի հարցը լուծելով Բաքուն այժմ փորձում է պայմանագրից դուրս թողնել խնդրահարույց և սկզբունքային մյուս երկու կետերը՝ ապաշրջափակումն ու սահմանագծումը:

«Միգուցե ինչ-որ փուլում լինի փաստաթուղթ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը գնում է վերջապես խաղաղության, բայց եթե այդ կարևորագույն երկու դրույթները սահմանների ճշգրտման և ռեգիոնալ ապաշրջափակման հետ կապված դուրս են մնում այդ փաստաթղթից, եղած սպառնալիքները որևէ ձևով չեն փակվում, և դրանք ցանկացած փուլում կարող են բերել իրավիճակի կտրուկ սրմանը, այդ թվում՝ ռազմական գործողությունների մեկնարկի», - ասաց Աբրահամյանը:

Ավելին, ըստ Աբրահամյանի, պաշտոնական Երևանից և Բաքվից վերջին օրերին հնչող հայտարարությունները կարող են վկայել, որ էսկալացիան արդեն մոտ է. - «Սա բխում է այն տրամաբանությունից, որը կողմերը հնչեցնում են, ու ակնհայտ է, որ բանակցային գործընթացում իրավիճակն այնպես չի զարգանում, ինչպես տարեվերջին է, երբ որ Բաքվից ու Երևանից իշխանական տարբեր էշելոններից որոշակի դրական ազդակներ են փոխանցվում»:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ևս կարծում է՝ խաղաղության պայմանագիրը խաբկանք է, փաստաթղթի հետևում պատերազմի սպառնալիք է, երբ Հայաստանն ու Ադրբեջանը սկսեն սահմանագծումը:

«Ադրբեջանը պատերազմում տարած հաղթանակի ու նաև Հայաստանի Հանրապետության կարևոր ռազմավարական կետերում, ճանապարհներում, բարձունքներում հայտնվելուց հետո ակնհայտ է, որ շարունակելու է պարտադրանքի մեթոդը: Նիկոլ Փաշինյանը եթե նորմալ կառույցներ ունենար, որոնք նորմալ ժամանակին գնահատեին ռազմաքաղաքական իրավիճակը, շուտվանից կտեսնեին, որ խաղաղության Ադրբեջանի առաջարկը խաբկանք է», - նշեց Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ Արտգործնախարարությունում ծանոթացել են խաղաղության պայմանագրի աշխատանքային տարբերակին:

«Որևիցե մի խոսք անգամ չկա այն պարտավորվածություններին, որը պետք է իր վրա վերցնի նաև Ադրբեջանը: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս գալը, սահմանագծում և սահմանազատում իրականացնելը, նաև կոնկրետացումները», - ասաց Սեյրան Օհանյանը:

Ադրբեջանի նախագահը վերջին հարցազրույցում պնդեց, որ մեկ քայլ անգամ հետ չեն գնալու տարածքներից, որոնք, ըստ Ալիևի, դեռ պետք է ճշտվեն, ընդ որում ոչ թե 70-ականների քարտեզով այլ ավելի հին փաստաթղթերով, իսկ այնտեղ, ինչպես Բաքուն է պնդում, Երևանն էլ է ադրբեջանական քաղաք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG