Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը «ծայրահեղ թշնամական» քայլ է Ռուսաստանի նկատմամբ, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ շեշտել է, թե Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելել չի ծրագրում։
Միջազգային քրեական դատարանը, որի իրավասությունը Մոսկվան չի ճանաչում, մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել՝ պատերազմի գոտուց անվտանգ տարածքներ տեղափոխված երեխաներին «արտաքսելու» համար։
Երևանը հայտարարում է, որ այս քայլն ուղղված չէ Կրեմլի դեմ, Մոսկվան տրամագծորեն հակառակ կերպ է մեկնաբանում քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու որոշումը։
«Հայաստանը լավ գիտի, որ մենք [Հռոմի ստատուտին] կողմ չենք, և Հայաստանը քաջատեղյակ է ուղեղում դժվար տեղավորվող այս որոշման մասին։ Մենք գիտենք, որ Երևանում սա շատ լավ հայտնի է։ Սա մի բան է, որը մենք չենք ողջունում», - հայտարարել է Պեսկովը։
Նմանատիպ հայտարարություն է այսօր տարածել նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ պնդելով, թե Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրությունը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացվել են այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «ձերբակալման օրդեր» է տվել», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Մոսկվան պնդում է, թե դիտարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, ռուսական կողմն առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող է հարմար լինել երկու կողմերին, սակայն Երևանը դա հաշվի չի առել, փոխարենը՝ Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։
Ընդ որում, ավելի վաղ այսօր Կրեմլի խոսնակն ասել էր, թե Երևանի առաջարկի մանրամասներին ծանոթ չէ։ Ստացվում է, որ Մոսկվայի կարծիքով՝ Պուտինի հետ կապված այս հարցի շուրջ Երևանի հետ բանակցել է ոչ թե Կրեմլը, այլ՝ արտգործնախարարությունը, հակառակ դեպքում դժվար թե Պեսկովը մանրամասներին տեղյակ չլիներ։
Ամեն դեպքում, Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը կարծում է, որ Հայաստանի իշխանությունների որոշումն «առավել բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա»։
«Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջ քաշված այն թեզը, թե իբր ՄՔԴ-ին միանալը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, իրականությանը չի համապատասխանում: Նվազագույնը դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը հանրապետություն, հատկապես երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին Հաագայի խնդրանքով», - նշում է արտաքին գործերի նախարարությունը։
Միաժամանակ, Մոսկվայում հույս ունեն, որ «Հայաստանի Ազգային ժողովում կլինեն սթափ մտածող ուժեր, որոնք դեմ կլինեն հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտորեն թունավոր որոշմանը»։
Կրեմլի խոսնակն էլ այսօր հայտարարել է, թե հուսով է, որ այս հարցն էլ չի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, և կրկին խոսել է այն մասին, որ խաղաղապահներն Արցախում օգնում են հայերին։ Նա շեշտել է, թե Մոսկվան ուշադիր հետևում է հումանիտար հարցերին և շարունակում է շփումները Բաքվի հետ այս հարցի շուրջ։
Անդրադառնալով Արցախի բոլոր հիմնարկներն ու պետական կառույցները լուծարելու՝ Արցախի նախագահի այսօրվա որոշմանը, Կրեմլի խոսնակը հատուկ շեշտել է՝ այդ փաստաթղթում կետ կա, ըստ որի՝ հայերը պետք է ծանոթանան վերաինտեգրման պայմաններին։ Թե ինչ են ենթադրում այդ պայմանները, Պեսկովը չի հստակեցրել։
Մինչ այդ էլ, Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին է հայտարարել, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերացնելու որոշումը դրական է ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից»։
«Ադրբեջանական կողմն այս տարածքում պայմաններ կստեղծի նորմալ կյանքի համար, քանի որ սա արդեն իրենց տարածքն է։ Բնականաբար, մեր խաղաղապահ առաքելության այնտեղ մնալը, ամենայն հավանականությամբ, անտեղի կլինի, բայց դա կորոշեն երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, քանի որ նրանք երեքն են այս որոշումը կայացրել», - ասել է ռուս պատգամավորը։