Մատչելիության հղումներ

Կրեմլը արձագանքեց Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը


ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը Ռուսաստանը համարում է «ոչ կոռեկտ» քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, այսօր լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Կասկածում ենք և հենց սկզբից կասկածել ենք, թե երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին կոռեկտ է։ Նախկինի պես գտնում ենք, որ դա ոչ կոռեկտ որոշում է», - նշել է նա՝ հավելելով, թե ռուսական կողմը չէր ցանկանա, որ Վլադիմիր Պուտինը ստիպված լինի երբևէ հրաժարվել այցելել Հայաստան։

Պեսկովն ասել է, որ Հայաստանի հետ շփումները մշտապես ընթանում են տարբեր մակարդակներով, և այդ թեմայով լուրջ խոսակցություններ են սպասվում։ «Դրա հետ կապված պետք է գտնել դիվանագիտական ինչ-որ լուծումներ», - նշել է Կրեմլի խոսնակը։

Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պարտավոր են ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն։

Պեսկովի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամ երկիր է, բայց ներկայիս իշխանություններին հավելյալ հարցեր են առաջացել, որոնք նախապես ներկայացվել են հայկական կողմին։

Ղարաբաղի մասին Պեսկովն ասել է, թե սրտով ցավում են Ղարաբաղի հայերի համար։ «Մենք ուշադիր լսում ենք ադրբեջանցի ընկերների հայտարարությունները նրանց մտադրության մասին՝ ապահովելու անվտանգությունը և բոլոր իրավունքները այն հայերի, որոնք կցանկանան մնալ Ղարաբաղում։ Մենք հումանիտար օգնություն ենք ցուցաբերում», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Ստեղծված իրավիճակի համար նա կրկին մեղավոր է համարել Հայաստանի վարչապետին, ասելով թե Փաշինյանն ինքն է որոշում ընդունել Ադրբեջանի սահմանները ճանաչել 1991 թվականի դրությամբ, և հենց դա է պատճառ հանդիսացել Լեռնային Ղարաբաղի այսօրվա իրավիճակի համար։

Կրեմլի խոսնակը դարձյալ չի ընդունել Հայաստանի անվտանգությունը չապահովելու համար Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքները, ասելով, թե կարծում է՝ Հայաստանում մեծամասնության կարծիքով ՀԱՊԿ-ի մեխանիզմերն ու հայ-ռուսական գործընկերությունը ներկայիս պահին բացարձակապես անփոխարինելի են։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված այդ փաստաթղթով Ռուսաստանն ու Ադրբեջանը հարգում են միմյանց պետական ինքիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև պայմանավորվել են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։

XS
SM
MD
LG