Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է ռազմատեխնիկական գործարքի շուրջ քննարկումների մասին. Երևանը չի բացառում


ՌԴ դեսպանի պնդմամբ՝ հայ-ռուսական գրեթե բոլոր պայմանագրերն արդյունավետ իրագործվել են

Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից Հայաստանի անթաքույց դժգոհությունների ֆոնին Մոսկվան հայտարարում է, թե Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր է քննարկում:

Պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, սակայն, չի բացահայտել այդ համաձայնագրերի բովանդակությունը։ Թե ինչ նոր համաձայնության մասին է խոսքը, Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» դեռ չի հաջողվել ճշտել։

Սուղ են խորհրդարանում իշխող մեծամասնության տեղեկությունները: Ազգային ժողովի նախագահը չբացառեց զենքի գործարքի շուրջ հայ-ռուսական նոր բանակցությունները, բայց նա էլ մանրամասներ չհայտնեց:

«Դա ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր «խնդիրները» կարող են ներառված լինել, այնպես որ սպասեք, մի հատ տեսնենք՝ ինչ է, նոր», - ասաց նա։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ, նրանց թվում՝ վարչապետ Փաշինյանը պարբերաբար դժգոհել են, որ ռազմավարական դաշնակիցը սպառազինություն չի մատակարարում, թեև դրանց դիմաց հարյուրավոր միլիոններ են վճարվել։ Ռուսաստանի դեսպանը չի հերքել, որ առանձին պայմանագրերում կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական պատվերը կատարելու հետ, բայց պնդել է, թե հայ-ռուսական գրեթե բոլոր պայմանագրերն արդյունավետ իրագործվել են:

«Կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում» ,- նշել է Սերգեյ Կոպիրկինը:

Մինչդեռ մեկ ամիս առաջ վարչապետը Փաշինյանը վերահաստատել էր՝ Ռուսաստանին վճարել են, զենք չեն ստացել, հիմա լուծումներ են փնտրում։

Ալեն Սիմոնյանի արձագանքը դեսպանի պնդմանը. «Դա այդպես չէ»

Այսօր խորհրդարանի խոսնակը Ռոուսաստանի դեսպանի պնդմանը, թե բոլոր պայմանագրերը պատճաշ իրականացվել են, կարճ արձագանքեց. - «Դա այդպես չէ, դա չի համապատասխանում իրականությանը»:

Թեև գումարի չափը պաշտոնապես չի նշվում, այդուհանդերձ իշխանության որոշ ներկայացուցիչներ ասել են՝ Ռուսաստանին 400 միլիոն դոլար է փոխանցվել։ Երևանն ու Մոսկվան վերջին շրջանում խոսում են հարցը գործընկերային մթնոլորտում քննարկելու մասին:

Ալեն Սիմոնյանն այսօր չհամաձայնեց դիտարկման հետ, թե ռուսական կողմը գումարը վերցրել, սակայն հրաժարվել է զենք մատակարարել:

«Կարծում եմ, որ բացի հրաժարվելուց, նաև երևի չէր կարողանում, ու վստահ էլ չեմ, որ մենք մինչև վերջ կարող ենք ասել, որ կունենանք այն, ինչ կբանակցենք։ Կապրենք, կտեսնենք», - ասաց Ալեն Սիմոնյանը։

ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանը դիրքորոշումը կփոխի, եթե այն պահանջի ադրբեջանական զինուժի դուրսբերում ՀՀ տարածքից



Հայ-ռուսական հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են: Երևանը Մոսկվային և ՀԱՊԿ-ին մեղադրում է դաշնակցային պարտավորությունները ձախողելու համար, Մոսկվան դժգոհ է Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունից, Հռոմի կանոնադրության վավերացումն էլ որակել էին թշնամական քայլ:

Այդուհանդերձ, Ալեն Սիմոնյանն այսօր պնդեց՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան, իսկ Երևանը ջանքեր է գործադրում, որ ռազմավարական դաշնակիցն իր պայմանագրային պարտավորությունները ինչ-որ չափով կատարի: Մինչ այդ Հայաստանը ՀԱԿՊ-ի հետ կապված իր դիրքորոշումը չի փոխի:

«Դիրքորոշումը կփոխվի այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը կհայտարարի, որ ադրբեջանական զինուժը գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, այսինքն՝ ՀԱՊԿ-ի տարածքում, և պահանջում են իրենք բոլոր երկրներով, որ այդ զինուժը դուրս եկա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից», - նկատեց Ալեն Սիմոնյանը։


Երեկ Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա եկել էր նոյեմբերին կայացած ՀԱՊԿ նիստի որոշումների փաթեթով, որպեսզի Երևանը ևս միանա դրանց: Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ՝ հայկական կողմն ինչ որոշում է կայացրել, բայցև ընդգծում է՝ մտադիր չեն որևէ գործընթաց տորպեդահարել, եթե այն չի հակասում Հայաստանի շահերին:

Փաթեթին միանալու վերաբերյալ «Ազատությանը» Արտգործնախարարությունից փոխանցեցին՝ պաշտոնական հաղորդագրությունից բացի, այլ մեկնաբանություն չունեն:

XS
SM
MD
LG