Մատչելիության հղումներ

«Ուզում ես պայմանագրի մեջ գրենք, ուզում ես պատին գրենք, ռևանշ լինելու է, եթե Ղարաբաղի հարցը չենք լուծում». Սամվել Բաբայան


Արցախը լուծարելու մասին նախագահի հրամանագիրը ուժի մեջ չէ, այն Սահմանադրության համաձայն չի հրապարակվել

Արցախը լուծարելու մասին նախագահի հրամանագիրը ուժի մեջ չէ, քանի որ չի հրապարակվել, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, խորհրդարանական « Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

Բաբայան. - Դուք տեսե՞լ եք այդ ստորագրած հրամանագիրը: Արցախի Սահմանադրությունն ասում է՝ նախագահի հրամանագիր գործում է հրապարակման պահից։ Հրապարակում չի եղել, վերջ, այսինքն՝ մենք քննարկում ենք մի բան, որը ոչ մեկ չի տեսել, չկա:

«Ազատություն». - Գուցե դուք չեք տեսել, գուցե Բաքուն, ռուսական կողմը, Արցախի ղեկավարությունը ունեն այդ փաստաթուղթը:

Բաբայան. - Քանի որ հրապարակման փուլ չի եղել, ոչ մի բան իմ համար ուժի մեջ չէ։ Ես խորհուրդ եմ տալիս չխորանալ և չգնալ էդ դաշտը, դա ոչ մի բան մեզ չի տալիս։ Հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն խաղաղության:

«Ազատություն». - Գուցե Սամվել Շահրամանյանը նոր հրամանագիր չի ստորագրում, քանի որ ճնշում կա Հայաստանի իշխանության կողմից։

Բաբայան. - Ես ասացի՝ հանուն Հայաստանի և հանուն խաղաղության հանգիստ նստենք, ընթացքը թող գնա։ Հայաստանը Ադրբեջանի հետ վարում է բանակցություններ խաղաղության, որ մենք չխանգարենք, հանկարծ Ադրբեջանը պատճառ դա չդարձնի, մենք ասում ենք՝ գնացեք ձեր ճանապարհով, մենք չենք լուծարել երկիրը և ոչ էլ հերքում ենք, չկա հրաման, չենք տեսել, չգիտենք, վերջ, փակեցինք էջը:

Առիթ չդառնանք, որ հետո չասեն, որ մեղավորը հենց ղարաբաղցիք էին, որ խաղաղության պայմանագիրը չստացվեց: Հայտարարում են, չէ՞, որ առանց Ղարաբաղի պատրաստ են պայմանագիր ստորագրեն, թող ստորագրեն, եթե դա Հայաստանին խաղաղություն է բերելու, գնացեք ստորագրեք:

Արցախի ինստիտուտների գործունեությունը որևէ վտանգ Հայաստանի համար չի ներկայացնում

Սամվել Բաբայանն ասաց, որ այս հարցում իր մոտեցումն ունի, այն գրավոր ներկայացրել է Հայաստանի իշխանությանը, որ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ կոմիտե, որը պետք է զբաղվեր Արցախի խնդիրներով, նաև բանակցություններ վարեր, դա կլիներ կից Հայաստանի կառավարությանը։

Բաբայան. - Միանգամից կտրել ու ասել՝ ոչ մեկդ ոչ մի բանով մի զբաղվեք, ձեր կառույցները սաղ քանդեք, սխալ եմ համարում: Թող գործեն, ոչ մի վտանգ չկա, բայց գործելը մի հարց է, բայց երբ ասում են վտարանդի կառավարություն, ես դրան դեմ եմ։ Ես առաջարկել եմ հատուկ ծրագրերի վարչություն, որը չի ընդունվել։

«Ուզում ես պայմանագրի մեջ գրենք, ուզում ես պատին գրենք, ռևանշ լինելու է, եթե Ղարաբաղի հարցը չենք լուծում»

Սամվել Բաբայանը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, թե Ղարաբաղի հարցը փակված է:

Բաբայան. - Ես չեմ կարող համաձայնվել, որ Ղարաբաղի խնդիր չկա և դա փակ է։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ քաղաքակիրթ ձևով, բանակցությունների միջոցով ղարաբաղցիների վերադարձի հարցը լուծել: Հասկանանք՝ Բաքուն կընդունի՞ էն, ինչ առաջարկում ենք, թե՞ պատրաստ են հարյուրամյակներ շարունակ թշնամանք լինի մեր մեջ, և տարածաշրջանով շահագրգռված ուժերն էլ ռևանշի տանեն։

Ուզում ես պայմանագրի մեջ գրենք, ուզում ես պատին գրենք, ռևանշ լինելու է, եթե Ղարաբաղի հարցը չենք լուծում։ Փաստաթղթով խաղաղություն չի լինում, խաղաղություն է լինում , երբ ժողովուրդներն իրար հասկանում են։

«Ազատություն». - Դուք ինչպե՞ս եք տեսնում արցախցիների վերադարձի հնարավորությունը:

Բաբայան. - Ասում եմ՝ Ադրբեջանի երեք սկզբունք կա՝ տարածքային ամբողջականությունը, երկրորդ՝ անձնագիրը, երրորդ՝ ավտոնոմ ռեսպուբլիկայի շրջանակում արցախցիների իրավունքը, որի մասին և խոսում է Ադրբեջանը:

«Ազատություն». - Բաքուն չի խոսում ավտոնոմ կարգավիճակ տալու մասին:

Բաբայան. - Սխալվում եք, Ալիևը անձամբ Շուշիում հայտարարել է, և դրանից առաջ է հայտարարել՝ սիրելի հայեր, դուք ձեզ գտեք մեր Սահմանադրության շրջանակում։ Իրենց Սահմանադրության շրջանակում կա երկու կետ՝ մեկը՝ փոքրամասնության իրավունքները, երկրորդը՝ ավտոնոմ ռեսպուբլիկան, որի օրինակը Նախիջևանն է:

Ասում ենք՝ մենք մեզ գտել ենք ավտոնոմ ռեսպուբլիկայի շրջանակում, մենք ունեցել ենք ավտոնոմիա և հիմա մեր իրավունքների հարցն ենք ուզում քննարկել, տեսնենք խնդիրները ոնց ենք լուծելու։ Մենք առաջարկը անում ենք՝ և՛ միջազգային հանրությանը, և՛ Ադրբեջանին, և ասում ենք, որ այս շրջանակում նստենք բանակցություններով լուծումներ գտնենք։ Որ որևէ ռևանշի հարց չլինի:

«Ազատություն». - Ձեր այդ առաջարկը ո՞վ պետք է ներկայացնի՝ Փաշինյա՞նը, որը Արցախի հարցը փակված է համարում։

Բաբայան. - Ո՛չ, Արցախի իշխանությունները, Արցախի քաղաքական ուժերը, ովքեր կապ ունեն Ադրբեջանի հետ, նրանք էլ պետք է ներկայացնեն։ Եթե համաձայնեն, Հայաստանի իշխանությանն էլ տեղյակ կպահվի, և կշարունակվեն արդեն ռեալ բանակցությունները:

«Ազատություն». - Այդպիսի գործընթաց կա՞ այս պահին։

Բաբայան. - Կարելի է ասել՝ տենց թեթև կա, ոչ խորացված:

«Ազատություն». - Ձեր և Բաքվի՞, թե՞ Արցախի գործող իշխանությունների և Բաքվի միջև։

Բաբայան. - Առայժմ, քանի որ Ադրբեջանում ընտրություններ են, ավարտվեն` նոր կխոսենք դրա մասին, չխորանանք, մենք մեր առաջարկները իրենց տվել ենք, կտեսնենք ինչ կասեն։

«Ազատություն». - Այսինքն, Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից հետո մենք կարող ենք ակնկալել որոշակի տեղաշարժ, շփումներ Ադրբեջանի իշխանության և Արցախի քաղաքական ուժերի միջև:

Բաբայան. - Ես նման հույսն ունեմ , որ նման բան պետք է տեղի ունենա։

«Ազատություն». - Դո՞ւք եք դա նախաձեռնելու՝ հաշվի առնելով նախկինում Ադրբեջանի իշխանությունների հետ ունեցած Ձեր շփումները:

Բաբայան. - Արցախի քաղաքական ուժերի և ղեկավարության հետ քննարկելուց հետո կորոշվի՝ ով է նախաձեռնելու:

«Ազատություն». - Այժմ կապի մե՞ջ եք Արցախի նախագահի հետ։

Բաբայան. - Այո, կապ կա, քննարկում եմ, երեկ էլ եմ քննարկել տարբեր հարցերը, միշտ էլ կապի մեջ եմ։

«Ազատություն». - Անձամբ Փաշինյանին ասե՞լ եք, որ Արցախի հարցը փակված չէ։

Բաբայան. - Ես անձամբ Փաշինյանին երկուսուկես տարուց ավելի չեմ հանդիպել, ես ինչ որ ասում եմ, ես ժամանակին գրավոր գրել եմ, բացատրել եմ, իմ տեսակետին ինքը շատ լավ տեղյակ է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG