Մատչելիության հղումներ

Հայաստանն իր վրա է վերցնում Արցախի կառավարության, տարբեր հիմնադրամների ու արցախցիների պարտքերի մեծ մասը


Հայաստանն իր վրա է վերցնում Լեռնային Ղարաբաղի կառավարության, տարբեր հիմնադրամների ու արցախցիների պարտքերի մեծ մասը։ Խորհրդարանն այսօր քննարկեց և կողմ քվեարկեց Արցախի հայաստանյան բանկերին ունեցած 315 միլիարդ դրամի պարտավորությունների 70 տոկոսը պետությանը փոխանցելու նախագծին։

Ադրբեջանի հարձակումից ու Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո այս պարտքերի, վարկերի սպասարկումն անհնար է, հայտարարում է Հայաստանի կառավարությունը՝ ընդգծելով, ստեղծված իրավիճակը մեծ ռիսկ էր ֆինանսական համակարգի համար։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց՝ այս գումարի մեջ ներառվել են այն պարտավորությունները, որոնց մարումը հնարավոր չէ. օրինակ՝ հիպոթեքով Արցախում բնակարան գնած քաղաքացիների վարկերն այսպիսով ներվում են։

Մյուս դեպքերում, օրինակ, եթե քաղաքացին Արցախում վարկ է վերցրել, բայց Հայաստանում բիզնես հիմնել, գործադիրը նման որոշման կարիքը չի տեսնում, քանզի բանկն իր տված միջոցները վերադարձնելու խնդիր չի ունենա։

Քաղաքացիների վերցրած վարկերը ըդնհանուր պարտքի միայն մի փոքր մասն են, շուրջ 270 միլիարդը Արցախի կառավարության ու տարբեր հիմնադրամների ունեցած պարտավորություններն են։ Այս պարտքերի ճակատագիրը սկսվեց քննարկվել Արցախի հայաթափմանը զուգահեռ, մարդիկ չգիտեին՝ ի վերջո, ինչ է լինելու, պետք է վերադարձնեն, թե ոչ։

Այն ժամանակ էլ քաղաքական այրերը խոսում էին պետություն- բանկեր հնարավոր համագործակցությունից։ Քննարկումներն ու վերլուծություններն այսօր պատգամավորներին ներկայացված նախագծում էին ամփոփված։ Սա ամենաօպտիմալ լուծումն էր, ասաց ֆինանսների նախարարը. - «Արվել են համապատասխան վերլուծություններ, և վստահեցնում եմ ձեզ, որ բնականաբար, հաշվի առնելով ՀՀ շահերը, պարտքի շեմի հետ կապված խնդիրները՝ մեզ համար շատ կարևոր է եղել, որ գտնենք այնպիսի լուծում, որը բանկային համակարգի համար մեծ սթրես չի առաջացնի»։

Այսպիսով արդեն կառավարությունը բանկերին պարտք կլինի, հետևաբար զգալի կաճի Հայաստանի ավելի քան 11 միլիարդ դոլար կազմող պետական պարտքը։ Տնտեսագետները հասցրին հաշվել՝ այն կավելանա միանգամից 5.2 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG