Մատչելիության հղումներ

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1 -ից Արցախը չի լուծարվելու. Սամվել Շահրամանյանի խորհրդական


Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հասարակական հիմունքներով աշխատող պաշտոնյաների հետ հանդիպմանը, 22-ը դեկտեմբերի, 2023
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հասարակական հիմունքներով աշխատող պաշտոնյաների հետ հանդիպմանը, 22-ը դեկտեմբերի, 2023

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

Վլադիմիր Գրիգորյանը
Վլադիմիր Գրիգորյանը

Վլադիմիր Գրիգորյան. - Արդեն իսկ այդ հրամանագրով մենք կարող ենք համարել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024թ. հունվարի 1-ից հետո ևս շարունակելու են իրենց գործունեությունը։

«Ազատություն». - Արդյո՞ք իրավական տեսանկյունից այս մեկնաբանությունը խնդրահույց չէ, ի վերջո Արցախի նախագահի կողմից չկա նոր հրամանագիր իր նախկին հրամանագիրը չեղարկելու մասին։

Վլադիմիր Գրիգորյան․ - Նման որոշումը քանի որ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, և դրանից հետո շարունակել է արդեն հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024թ., 2025թ. լինելու է, որովհետև Արցախի Հանրապետությունը լուծարվում է միայն ժողովրդի հանրաքվեով, և որևիցե անձ, նույնիսկ նախագահը նման լիազորություններ և իրավունքներ չունի, որպեսզի լուծարի հանրապետություն։

«Ազատություն». - Այսինքն՝ չսպասե՞լ նոր հրամանագիր Սամվել Շահրամանյանից։

Վլադիմիր Գրիգորյան․ - Ո՛չ, նման սպասելու կարիք չկա։

«Ազատություն».- Իրավական խնդիրներ չե՞ն լինելու, դուք այս հարցը քննարկե՞լ եք իրավաբանների հետ։

Վլադիմիր Գրիգորյան․ - Իհարկե, այդ ամենը քննարկվել է։ Մենք կարող ենք համարել, որ այլևս նման հրամանագիր գոյություն չունի։

Չկա իրավական արձանագրում, որ Արցախի պետական մարմինների գործունեությունը կարող է սպառնալիք լինել ՀՀ անվտանգությանը. Վ. Գրիգորյան

Արցախի նախագահի խորհրդականը համաձայն չէ Հայաստանի իշխանությունների այն պնդումների հետ, թե Արցախի պետական մարմինների պահպանումը սպառնալիք է Հայաստանի համար։ Այդ մասին նախ խոսել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասել էր, որ օրինակ՝ եթե Արցախի խորհրդարանը նիստ անի, ապա դա ռումբ կարող է լինել Հայաստանի անվտանգության համար։

Վլադիմիր Գրիգորյանը հակադարձում է՝ Ադրբեջանի մեկնաբանությամբ Հայաստանի ցանկացած գործողություն Բաքուն կարող է դիտարկել որպես սպառնալիք՝ սկսած զենք-զինամթերքի ձեռքբերումից. - «Այն, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, սահմանված է ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ ներպետական իրավական օրենքներով ու ակտերով, և տվյալ պարագայում որևիցե տեղ չկա նման արձանագրում իրավական, որ Արցախի Հանրապետության կառավարության կամ Ազգային ժողովի հետագա գործունեությունը կամ աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել սպառնալիք նրա անվտանգությանը»։

Նույնիսկ եթե 2024-ի հունվարից հետո էլ Արցախի կառավարությունն ու պետական մարմինները թղթի վրա շարունակեն գործել, ինչպես պնդում է Շահրամանյանի խորհրդականը, ի՞նչ է դա փոխելու։ Ի վերջո Արցախը հայաթափված է, Ադրբեջանը լիակատար հսկողություն է սահմանել Ղարաբաղում, որտեղ փետրվարին նաև նախատեսում են ընտրատեղամասեր բացել արտահերթ նախագահական ընտրությունների համար, Վլադիմիր Գրիգորյանն ասում է. - «Չեղարկումը, ցավոք սրտի, չի ենթադրելու, որ մենք երկու օրից ունենալու ենք հնարավորություն վերադառնալ Արցախի Հանրապետություն։ Դա ավելի շատ ուղղված է մեր ներքին լսարանին ու ընդհանուր ժողովրդին, հայ հասարակությանը և հույս է տալիս, ոչ միայն հույս, որ մենք ակտիվորեն աշխատելու ենք միջազգային հանրության հետ, ակտիվորեն աշխատանքներ ենք իրականացնելու և օրուգիշեր պետք է աշխատենք, որպեսզի մի օր մենք ունենանք այդ հնարավորությունը վերադառնալ ազատ, անկախ Արցախի Հանրապետություն»։

Սամվել Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել

«Ազատություն». - Հիմա ամենօրյա ռեժիմով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն աշխատո՞ւմ է ։

Վլադիմիր Գրիգորյան․ - Իհարկե, տարբեր հանդիպումներ է իրականացնում, տարբեր աշխատանքներ է վարում, և իր աշխատակազմը բավական ակտիվորեն աշխատում է։ Իհարկե, ոչ հրապարակային։

«Ազատություն». - Բայց Սամվել Շահրամանյանը, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հետ չի՞ հանդիպել։

Վլադիմիր Գրիգորյան․ - Այս պահին, ո՛չ, որևիցե հանդիպում տեղի չի ունեցել։

Արցախի ժողովրդի վերադարձի հնարավորության մասին պարբերաբար հայտարարություններ հնչում են միջազգային հանրությունից։ Բաքուն էլ պնդում է, որ արցախցիները կարող են վերադառնալ, բայց պետք է Ադրբեջանի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ստանան։ Իսկ Հայաստանի իշխանությունները իրենց հերթին հայտարարում են՝ եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձի հնարավորություն չունենա, ապա կառավարության քաղաքականությունն այն է, որ նրանք մնան Հայաստանում:

Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Սամվել Շահրամանյանն այսօր հանդիպել է հասարակական հիմունքներով աշխատող պաշտոնյաների հետ, քննարկել արցախցիները խնդիրները։

Անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր ստորագրած հրամանագրին՝ Շահրամանյանն ընդգծել է, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG