Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Սանկտ Պետերբուրգում քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»,- նշել է վարչապետի խոսնակը։
Սա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողություններից հետո երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր։
Հայաստանի և Ադրբեջանի առաջնոդները վերջին անգամ հանդիպել էին հուլիսին եվրոպական միջնորդությամբ: Հերթական բանակցությունները նախատեսված էին նոյեմբերին՝ Գրանադայում, սակայն Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահը տապալեց ոչ միայն այդ, այլ նաև Բրյուսելի հանդիպումը: Տեղի չունեցան նաև արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները:
Ու թեև դեմ առ դեմ բանակցություններ չկային, կողմերն այս ընթացքում փոխանակում էին խաղաղության պայմանագրի նախագիծը: Նախօրեին Երևանը հաստատեց՝ ստացել է փաստաթղթի 7-րդ տարբերակը: Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, թե հանդիպումներ սպասվում են 2024 -ին: Կոնկրետ վայրի և ժամկետների մասին, սակայն, Բայրամովը չի խոսել: