Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է իրավիճակից բխող որոշումներ կայացնի. Արսեն Թորոսյան


Հայաստանը պետք է իրավիճակից բխող որոշումներ կայացնի՝ նաև գնահատելով, թե այս կամ այն երկրի հետ հարաբերություններն ինչպես են երկիրը պաշտպանում, հայտարարեց Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ այս պահին ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքական գիծը։

Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան նախօրեին կարծիք է հայտնել, թե Հայաստանը հստակ որոշում է կայացրել՝ փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայից, մերձենալ ՆԱՏՕ-ին։

«Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն և ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն», - նշել է Կոլոմինան։

Այդ ընթացքում ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր կասկածում, որ Հայաստանն ու տնտեսական միությունն առաջնորդող Ռուսաստանը դաշնակիցներ են, ապագայում էլ Հայաստանին «կորցնելու» անհանգստություններ չուներ, ինչպես ձևակերպեց՝ «հայերն անպատճառ կլինի այստեղ, մեզ հետ, որովհետև այստեղ է նրանց զարգացման կարևորագույն ուղղությունը»։

«Եթե Հայաստանն ուզում է տնտեսապես մեռնել, կարող ենք նրան կորցնել, բայց չեմ կարծում, որ հայերը հիմար մարդիկ են, նրանք խելոք են, այնպես որ համոզված եմ՝ Հայաստանը ոչ մի տեղ չի փախչի», - ասել է Լուկաշենկոն։

Վարչապետ Փաշինյանը վերջերս հայտարարեց՝ Հայաստանը վեկտոր չի փոխում։ Ունենալով բազմաթիվ դժգոհություններ՝ նաև ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, բայց իշխանությունը հայտարարում է՝ հայ ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի, նաև, որ դիվերսիֆիկացնում է անվտանգային քաղաքականությունը։ Երևանը վերջերս Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ է զենքի գնման պայմանագրեր կնքել, բայց հստակ հայտարարություններ՝ Արևմուտք թե Ռուսաստան կողմնորոշման մասին, չկան։

«Կա՛մ-կա՛մ»-ի դիսկուրսը վարչապետի թիմակից Արսեն Թորոսյանի սրտով չէ։

«Հիմա մենք եղել ենք ու կանք մի ճարտարապետության մեջ առնվազն փաստաթղթային մակարդակով, որը ցույց է տվել իր անարդյունավետությունը և որևէ ողջամիտ սուվերեն պետություն տենց հետևություններ է անում և փորձում է իր անվտանգությունն ապահովի, նոր գործիքներ կիրառել: Այդ նոր գործիքների կիրառման մեջ մենք որոշումներ ենք կայացնում ըստ իրավիճակի, այսինքն՝ իրավիճակը կլինի այլ, այլ որոշումներ կայացնենք: Այստեղ միայն բացառման սկզբունք չի գործում, որ եթե չկա մեկը, ապա միանգամից հայտնվում է մյուսը», - ասաց իշխանական պատգամավորը:

Կես տարուց ավելի ԵՏՄ, ԱՊՀ, նաև՝ ՀԱՊԿ նիստերը բոյկոտող Փաշինյանը նախօրեին որոշեց չմերժել Պուտինի հրավերն ու մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ երեկ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, այսօր՝ ԵՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին մասնակցելու։ Մյուս ղեկավարների ներկայությամբ հայտարարեց՝ ԵՏՄ-ն տնտեսական միավորում է, որը «չպետք է ունենա քաղաքական ու առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»։

Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է՝ տնտեսությունն ու քաղաքականությունը հնարավոր չէ տարանջատել:

«Իրա այս հայտարարությունը, որ ահա տնտեսական հարցերով մենք, իհարկե, համագործակցում ենք, բայց մեր քաղաքական կուրսը չի փոխվել, դրանով ինքը փորձում է մեղմել Արևմուտքի զայրույթը, որովհետև ակներևաբար ինքն Արևմուտքին խոստումներ է տվել, և Կոլումինայի հայտարարությունը հիշեցում էր Փաշինյանին: Բայց Փաշինյանը հասկացավ, որ այն տնտեսությունը, որը այսօր մենք ունենք, որն ինքը ավելի վատթարացրել է, ավելի խորացրել է, գոյատևում է բացառապես Ռուսաստան-ռեէքսպորտ և Ռուսաստանից ռեիմպորտի շնորհիվ, խոսքը գնում է թե՛ ապրանքների, թե՛ մարդկանց և թե՛ փողի ռեէքսպորտի վերաբերյալ: Դա էլ որ չլինի, Հայաստանն ի՞նչ է անելու, որևէ բան չի արտադրում, որը կարող է վաճառել Եվրոպայում և դրա համար որոշեց այ սենց ոտքի վրա փոխել իր քաղաքական կողմնորոշումը», - ասաց Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանը ո՛չ տնտեսական, ո՛չ անվտանգային քաղաքականություն ունի։

«Ոչ թե վարում է կոմպլիմենտար քաղաքականություն, որպեսզի փորձի դիվերսիֆիկացնի ռիսկերը գործող անվտանգային ու տնտեսական համակարգերը հարստացնի: ԵԱՏՄ անդամ ենք, բայց ունենք նաև բավականին բարվոք առևտրային մաքսային ռեժիմ Եվրամիության հետ, ոչ, Փաշինյանը փորձում է հակասություններ ստեղծելով ինչ-որ բանի հասնի, իսկ այդ ինչ-որ մի բանն իր աթոռի պաշտպանությունն է», - նշեց Արթուր Խաչատրյանը:

Իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը պնդում է՝ Հայաստանի շահն է իրենց ուղենիշը։ Իսկ այդ շահից է բխում հարաբերությունները խորացնել հնարավորինս շատ գործընկերների հետ. - «Կլինի դա մեկի փոխարեն երկուսը, լավ, կլինի երեքը, ավելի լավ, և մենք հենց այդ տրամաբանությամբ էլ շարժվում ենք ու ոչ մեկին մյուսով չենք բացառում»:

XS
SM
MD
LG