Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ալիևը Ռուսաստանում են. ձեռքսեղմում եղավ, բայց բանակցությունների մասին տեղեկություն չկա


Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո առաջին անգամ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը նույն հարկի տակ միջոցառման են մասնակցում: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում են, որտեղ անցկացվում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Կադրերում երևում է, թե ինչպես են երկու երկների ղեկավարները միջոցառումից առաջ միմյանց ձեռք սեղում, նրանց հնարավոր բանակցությունների մասին պաշտոնական տեղեկություն, սակայն, ո՛չ Երևանն է հաղորդում, ո՛չ Բաքուն:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակն այս հարցին անդրադառնալիս ասել էր՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում բոլորը կարող են շփվել, սակայն երկկողմ հանդիպման ծրագրեր չկան:

Ոչ ֆորմալ շփումները ավելի շատ կարող են նպաստել քաղաքական փոխըմբռնման ձեռքբերմանը կամ դրա զարգացմանը. քաղաքագետ

Արդյոք ռուսական կողմը կփորձի՞ կազմակերպել Փաշինյան-Ալիև բանակցություններ՝ պարզ չէ: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը դժվարանում է ասել՝ կողմերին պարբերաբար հանդիպման հրավիրող Մոսկվան առիթն ինչպես կօգտագործի: Ամեն դեպքում քաղաքագետի գնահատմամբ՝ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հակված չեն ռուսական հարթակում քննարկել խաղաղության պայմանագիրը: Հայկական կողմն այդ հարթակին նախապատվություն չի տալիս, իսկ Ադրբեջանը փորձում է տեղափոխել գործընթացը երկկողմ ձևաչափ:

«Նույնիսկ եթե ինչ-որ ոչ ֆորմալ շփումներ Ալիևի և Փաշինյանի միջև Սանկտ Պետերբուրգում տեղի ունենան, դրանք դժվար են անվանել բանակցություններ հենց խաղաղության պայմանագրի օրակարգում, ավելի շատ դրանք կարող են նպաստել ինչ-որ քաղաքական փոխըմբռնման ձեռքբերմանը կամ դրա զարգացմանը», - ասաց նա։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնոդները վերջին անգամ հանդիպել են հուլիսին եվրոպական միջնորդությամբ: Հերթական բանակցությունները նախատեսված էին նոյեմբերին՝ Գրանադայում, սակայն Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահը տապալեց ոչ միայն այդ, այլ նաև Բրյուսելի հանդիպումը: Տեղի չունեցան նաև արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները:

Ու թեև դեմ առ դեմ բանակցություններ չկան, կողմերն այս ընթացքում փոխանակում են խաղաղության պայմանագրի նախագիծը: Նախօրեին Երևանը հաստատեց՝ ստացել է փաստաթղթի 7-րդ տարբերակը: Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, թե հանդիպումներ սպասվում են 2024 -ին: Կոնկրետ վայրի և ժամկետների մասին, սակայն, Բայրամովը չի խոսել:

Ռուսաստան երկօրյա այցի շրջանակում Հայաստանի վարչապետը առանձին հանդիպումներ չի ունեցել ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ: Ադրբեջանի նախագահը մինչդեռ Սանկտ Պետերբուրգ ժամանելուց հետո հանդիպել է Բելառուսի նախագահին, որի ընթացքում հաստատել է Լուկաշենկոյի առաջարկը՝ մասնակցելու Ղարաբաղում ենթակառուցվածքների արդիականացմանը:

Հայաստանի վարչապետը տևական բոյկոտից հետո մեկնեց Սանկտ Պետերբուրգ: Ու թեև վարչապետը վերջին շրջանում հայտարարում է, թե Մոսկվան և ՀԱՊԿ-ը ձախողել են պայմանագրային պարտավորությունները, այդուհանդերձ, ԵԱՏՄ նիստի գոնե հրապարակային հատվածում Փաշինյանն այդ մասին որևէ բառ չասաց: Փոխարենը խոսեց ԵԱՏՄ-ում աշխատանքներից, ընդգծեց՝ տնտեսական այդ միավորումը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս, աշխարհաքաղաքական օրակարգ. - «ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի»։

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարների մասնակցությամբ արված այս հայտարարությունը կոնկրետ ում էր ուղղված՝ Հայաստանի վարչապետը չհստակեցրեց: Մոսկվային և ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությունների ֆոնին վերջերս հայաստանցի գործարարները խնդիրների էին բախվել Լարսի անցակետում։ Պատճառաբանելով, թե Հայաստանից վնասատուներով վարակված ապրանք է մատակարարվում, ռուսական կողմը հետ էր ուղարկում հայկական բեռնատարները: Հենց այդ օրերին վարչապետի աշխատակազմի ղեկավարը ակնարկել էր, թե խնդիրը քաղաքական է։

Փաշինյանը երեկ խոսում էր ԵԱՏՄ ազդեցությունն առավելագույնի հասցնելու մասին: 2024-ին այդ կառույցում հենց Հայաստանն է նախագահելու:

Ռուսաստանի նախագահը վստահեցրեց, թե հայկական կողմին կտրամադրեն անհրաժեշտ օգնությունը: Բելառուսի նախագահն էլ իր հերթին մեջբերելով Փաշինյանին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Երևանում «նեղացած են ՀԱՊԿ»-ից, իսկ ԵԱՏՄ-ն այլ՝ տնտեսական ֆորմատ է, որին Հայաստանը կշարունակի անդամակցել:

Պաշտոնական Երևանը Մոսկվայի առաջնորդած ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական դաշինքը լքելու մտադրության մասին չի խոսում։

XS
SM
MD
LG