Հավաքական Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Սերբիայում և այդ նպատակով «մայդանային հեղաշրջումների» մեթոդներ է կիրառում, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ակնհայտ են մայդանի հեղաշրջման տեխնիկայի միջոցով իրավիճակը խարխլելու հավաքական Արևմուտքի փորձերը»,- ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանը փոխանցել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ հնարավոր միակ արձագանքը պետք է լինի երկրի Սահմանադրության տառն ու ոգին խստորեն պահպանելը և հարգանքն ազգային շահերի համար քվեարկած սերբ ժողովրդի ընտրության նկատմամբ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված արտակարգ ուղերձում ասել է, որ արևմտամետ ընդդիմության ակտիվիստների կողմից Բելգրադի քաղաքային վարչակազմի շենքը գրոհելու փորձը պայմանավորված է արտաքին գործոնով և նպատակ ունի խարխլել երկրի ինքնիշխանությունը:
Ավելի վաղ Սերբիայի ղեկավարն ասել է, թե ընդդիմության բողոքներն ու սադրիչ հայտարարություններն ապարդյուն կլինեն, քանի որ երկրում «իշխանությունը փոխվում է միայն ընտրությունների ժամանակ»։