Մատչելիության հղումներ

Սերբիայի իշխող դաշինքը հաղթում է խորհրդարանական ընտրություններում


Ալեքսանդր Վուչիչը տոնում է իշխող դաշինքի հաջողությունը, Բելգրադ, 18 դեկտեմբերի, 2023թ.
Ալեքսանդր Վուչիչը տոնում է իշխող դաշինքի հաջողությունը, Բելգրադ, 18 դեկտեմբերի, 2023թ.

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած իշխող դաշինքը հաղթում է երեկ տեղի ունեցած Ժողովրդական սկուպշչինայի (խորհրդարանի) արտահերթ ընտրություններում:

Դաշինքում, որի անունն է «Ալեքսանդր Վուչիչ. Սերբիան չպետք է կանգ առնի», առանցքային դերակատարություն ունի Սերբիայի առաջադիմական կուսակցությունը, որին միացել են ևս մի քանի փոքր քաղաքական կառույցներ:

«127 մանդատով մենք բացարձակ մեծամասնություն ենք ապահովում խորհրդարանում», - ասել է Վուչիչը:

Քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո Վուչիչի կոալիցիան հավաքում է ձայների 47 տոկոսը և կարող է հավակնել սկուպշչինայի 250 մանդատներից 128-ին։

Երկրորդ տեղում եվրոպամետ ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքն է, որը, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 23 տոկոսը և կստանա 65 մանդատ: Երրորդը Սերբիայի սոցիալիստական կուսակցության կոալիցիան է, որը ստացել է ձայների մոտ 7 տոկոսը և 18 կունենա մանդատ։

Խորհրդարան կանցնեն հինգ կուսակցական կոալիցիաներ, որոնց հաջողվել է հաղթահարել նվազագույն 3 տոկոսի շեմը։ Դրանց թվում են ծայրահեղ աջ Ազգային դեմոկրատական այլընտրանքը և ռուսամետ «Մենք ժողովրդի ձայնն ենք» դաշինքը, որի առաջնորդ Բրանիմիր Նեստորովիչը պաշտպանում է դավադրության տեսությունները և դեմ է պատվաստումներին:

Ազգային փոքրամասնությունների հինգ դաշինքներ, որոնց համար շեմը վերացվել է, նույնպես կմտնեն խորհրդարան: Դաշինքները ներկայացնելու են հունգարացիներին, ալբանացիներին, բոսնիացիներին, խորվաթներին և ռուսներին:

Ժողովրդական սկուպշչինան ընտրվում է չորս տարով։ Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընթացիկ ընտրություններում քվեարկելու իրավունք ուներ վեցուկես միլիոն մարդ։ Նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 59 տոկոսը:

Սերբիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել Վուչիչի նոյեմբերի 1-ի հրամանագրով: Նախագահը նշել է, որ բռնության քարոզչության դեմ կարգախոսով անցկացվող զանգվածային ցույցերի պայմաններում երկրում կայոունություն ապահովելու և հանրային լարվածությունը մեղմելու համար պետք է ընտրել նոր խորհրդարան:

Լուծարված Ժողովրդական սկուպշչինայի լիազորությունները սպառվելու էին 2026 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG