Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական ոլորտում դրական դինամիկա ենք արձանագրում. Օվերչուկ


Չնայած Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարվածությանը, կողմերը դրական դինամիկա են արձանագրում տնտեսական ոլորտում։

Այսօր Երևանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ 2023-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 40 տոկոսով։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում մենք դրական դինամիկա ենք արձանագրում, այս պահին տարվա տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն մեր ունեցած տեղություններով՝ առևտրաշրջանառության ծավալն աճել է 43,5 տոկոսով: Ուզում եմ նշել, որ երկու երկրների տնտեսական օպերատորների հիմնական հաշվարկները կատարվում են ռուսական ռուբլով: Ռուսական մասնաբաժինն արդեն կազմում է ավելի քան 90 տոկոս: Սա շատ լավ ու կարևոր ցուցանիշ է, որը թույլ է տալիս մեզ բավական արդյունավետ փոխգործակցել ու զարգացնել մեր առևտրատնտեսական կապերը», - նշել է Օվերչուկը:

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը 2022-ին 5 միլիարդ դոլարի է հասել։ Հայաստանից անցած տարի շուրջ 2,5 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել: 2021-ի համեմատ այս թվերը գրեթե կրկնակի աճել են, իսկ միայն այս տարվա առաջին 10 ամիսներին արդեն անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։

Ռուսաստանցի պաշտոնյան հայտնեց, որ կողմերն այսօրվա հանդիպմանը տնտեսականից մինչև մշակութային, կրթական հարցերի են անդրադարձել, այդ թվում՝ Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման խնդիրներն են քննարկել։ Այլ մանրամասներ քննարկումից Օվերչուկը չներկայացրեց։

Մոսկվան աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետն այսօր անդրադառնալով հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, հայտարարեց, թե Մոսկվան փաստացի աջակցում է դրա իրագործմանը։ Հայաստանի կառավարության ներկայացրած կոմունիկացիաների ապաշրջափակման ծրագիրը ենթադրում է, որ ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի իրավազորության ներքո, որով անցնում են։

Օվերչուկը Տարածաշրջանի ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի համանախագահն է։

«Փաստացի աջակցում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով ֆինանսավորելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի չորրորդ տրանշի շինարարությունը։ Այս ուղղությամբ աջակցության ծավալն այժմ 150 միլիոն դոլար է», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:

Մոսկվան զգուշացնում է՝ «չափազանց վտանգավոր» է եռակողմ հայտարարություններից հրաժարվելու փորձերը

Օվերչուկի այցին նախորդել էր Մոսկվայի զգուշացումը, թե «չափազանց վտանգավոր» է եռակողմ հայտարարություններից հրաժարվելու փորձերը։

Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդգծել էր, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համաձայնություններն են Երևանի ու Բաքվի հաշտեցման միակ ճանապարհային քարտեզն են, և կողմերից ոչ մեկը ետ չի վերցրել իր ստորագրությունը։ Հայաստանի արտգործնախարարությունից դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը։

Հայ -ռուսական հարաբերությունները տևական ժամանակ է լարված են, Մոսկվային դուր չի գալիս Երևանի ու Արևմուտքի հարաբերությունների մերձեցումը, Հայաստանը տևական ժամանակ դժգոհում է, որ Ռուսաստանը և նրա առաջնորդած կառույցները չեն կատարում դաշնակցային պարտավորությունները։

Ռուսաստանի փոխվարչապետն այսօր այս քաղաքական կնճռոտ հարցերին չի անդրադարձել, բայց այդ մասին ակնարկ կա վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները։

Միջկառավարական հանձնաժողովի նիստը լուսաբանում էին սահմանափակ թվով՝ պետական ու դաշնային լրատվամիջոցներ։

XS
SM
MD
LG