Մատչելիության հղումներ

Արդեն 10 օր է՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապն ընդհատվել է


Պուտինի կոշտ քննադատ, 19 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապն ընդհատվել է դեկտեմբերի սկզբից, արդեն 10 օր է նրա փաստաբաններն ու թիմակիցները չգիտեն, թե որտեղ է նա:

«Քրեակատարողական դաշնային ծառայությունը չի ասում, թե կոնկրետ որտեղ է նա հիմա, Դաշնային քրեակատարողական ծառայությունը չի ապահովում Նավալնիի մասնակցությունը դատարաններին՝ խախտելով նրա պաշտպանության իրավունքը: Արդեն 10-րդ օրն է՝ չգիտենք, թե որտեղ է Նավալնին», - նշել է Կոռուպցիայի դեմ հիմնադրամի իրավաբանական բաժնի ղեկավար Վյաչեսլավ Գիմադին։

Դեկտեմբերի 6-ից նրա փաստաբաններին տարբեր պատրվակներով այլևս թույլ չեն տվել մտնել Վլադիմիր քաղաքում գտնվող գաղութը։ Հինգ օր անց գաղութի աշխատակիցները հայտարարեցին, որ Նավալնին այլևս այնտեղ չէ, իսկ թե որտե՞ղ է, հայտնի չէ:

Վլադիմիրի դատարանի հաղորդագրության համաձայն ռուս ընդդիմադիր առաջնորդին տեղափոխում են հատուկ ռեժիմով գաղութ։ Ռուսաստանում կա մոտ 30 հատուկ ռեժիմի գաղութ։ Օրենքի համաձայն՝ այդ գաղութներում իրենց պատիժն են կրում ցմահ ազատազրկման դատապարտվածները կամ «առանձնապես վտանգավոր հանցագործները»:

Հատուկ ռեժիմի գաղութներում պայմանները հնարավորինս խիստ են։ Դատապարտյալները գտնվում են խիստ հսկողության տակ, պատուհանների և դռների վրա կարող են լինել կրկնակի ճաղավանդակներ, բանտարկյալները կարող են շարժվել կիսակռացած դիրքով: Նրանց նամակագրությունն ու այցելությունները խիստ սահմանափակ են։

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի խոսքով՝ քաղաքական գործիչը, գաղութից տեղափոխվել է դեկտեմբերի 11-ին, սակայն փաստաբանները չեն կարողացել հանդիպել նրա հետ դեկտեմբերի 6-ից։ Նավալնին չի մասնակցել նաև դատական նիստերին տեսահոլովակով, իբր Վլադիմիրի K-6 գաղութում տեղի ունեցած «էլեկտրական վթարի» պատճառով։

2021 թվականի սկզբից բանտում գտնվող Նավալնին օգոստոսին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմով՝ «ծայրահեղականության» քրեական գործով։

Ընդ որում՝ Նավալնիի հետ կապն ընդհատվել է դեկտեմբերի 6-ին, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հայտարարել էր, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն եկող տարի մարտի 17-ին։ Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին հենց այդ օրը կոչ է արել հայրենակիցներին մասնակցել հաջորդ տարվա մարտի 17-ին նշանակված նախագահական ընտրություններին և քվեարկել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

Այդ մասին գրառումը հայտնվել է նրա սոցցանցի էջում. - «Ցանկացած ընտրություն, նույնիսկ ամենակեղծվածը՝ կասկածի ժամանակ է, մարդիկ մտածում են, թե ո՞վ է իշխում և ինչո՞ւ: Ռուսական ընդդիմության հիմնական խնդիրը, բոլոր ազնիվ քաղաքացիների խնդիրն է՝ պատասխանել այդ կասկածներին և բացատրել, որ 24 տարի իշխանության ղեկը պահող 71-ամյա Պուտինը չպետք է մնա ևս 6 տարի, նա վնաս կհասցնի Ռուսաստանին, նա պետք է հեռանա»:

Հայտարարությունից հետո կապը Նավալնիի հետ կորել է։

Կոռուպցիայի դեմ հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը շեշտում է, որ Նավալնին կորել է նախընտրական քարոզարշավի հայտարարությունից անմիջապես առաջ, հավելելով, թե իշխանությունները, իհարկե, գիտեին, որ Նավալնիի թիմը նման հայտարարություն է անելու:

«Ես չեմ հավատում նման զուգադիպություններին, որ Ալեքսեյն անհետացել է մեր հայտարարությունից անմիջապես առաջ, այն օրը։ Սա պատահականություն չէ, սա Կրեմլի ռազմավարությունն է։ Հարցն այն է, թե ինչ են արել», - նշել է Ժդանովը։

Կրեմլը ուզում է ամբողջությամբ մեկուսացնել Նավալնիին նախընտրական քարոզարշավի ամիսների ընթացքում, հավելում է Ժդանովը։

Մեն դեպքում դեկտեմբերի 18-ին պետք է կայանա ընդդիմադիր գործչի մասնակցությամբ հերթական դատավարությունը, որին Նավալնին պետք է մասնակցի գոնե տեսակապի միջոցով։

XS
SM
MD
LG