Մատչելիության հղումներ

Պուտինի նախընտրական քարոզարշավով զբաղվելու են «Եդինայա Ռոսիա»-ն և Ժողճակատը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

«Եդինայա Ռոսիա» («Միացյալ Ռուսաստան») կուսակցությունը և Ռուսաստանի Ժողովրդական ճակատը համատեղ ջանքերով ապահովելու են Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի նախընտրական քարոզարշավը:

Վլադիմիր Պուտինը երեկ է հաղորդել գալիք տարվա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Նա հինգերորդ անգամ է առաջադրվում:

«Եդինայա Ռոսիա»-ն նախագահի կուսակցությունն է, նա է ստեղծել այդ կառույցը 22 տարի առաջ, և, իհարկե, «Եդինայա Ռոսիա»-ն ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու [Պուտինի] նախընտրական քարոզարշավին, ապահովելու է նրա ամբողջ ենթակառուցվածքը»,- ասել է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը:

Նրա խոսքով՝ «Եդինայա Ռոսիա»-ն Ժողովրդական ճակատի հետ միասին է ապահովելու առաջադրման հետ կապված բոլոր կազմակերպչական աշխատանքների իրականացումը, և առաջին հերթին՝ ստորագրահավաքն ի պաշտպանություն թեկնածուի:

Պուտինին նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովին Տուրչակից բացի մասնակցել են Ժողովրդական ճակատի գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Կուզնեցովը, «Եդինայա Ռոսիա»-ի անդամներ Վլադիմիր Վասիլևը, Ալեքսանդր Կարելինը, Արտեմ Ժոգան, «Եդինայա Ռոսիա»-ի «Երիտասարդական գվարդիայի» ղեկավար Անտոն Դեմիդովը, Կուրչատովի ինստիտուտի Ազգային հետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը, «Սիրիուս» կրթական կենտրոնի ղեկավար Ելենա Շմելևան, մարզիկներ Նիկիտա Նագորնին, Սերգեյ Կարյակինը, Սվետլանա Ռոմաշինան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովը, երգչուհի Պոլինա Գագարինան և այլք։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն երեք օրում՝ 2024 թվականի մարտի 15-17-ը։ Պուտինը, ով ավարտում է իր պաշտոնավարման երկրորդ և չորրորդ ժամկետը, իրավունք ունի կրկին առաջադրվել որպես թեկնածու։

XS
SM
MD
LG