Մատչելիության հղումներ

Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին․ Զառա Ամատունի


Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին։ Կարմիր խաչից դժվարանում են ասել՝ արդյոք արցխացիների տեղահանումից հետո հաշվառել են Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին։

Արցախում բնակվող հայերի վերաբերյալ ստույգ վիճակագրական տվյալներ կազմակերպությունը չունի։

ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունու խոսքով՝ միջազգային կազմակերպությունը այս պահին ներկա է Լեռնային Ղարաբաղում, շարունակում է աշխատել։

25 մարդու կազմակերպությունը օգնել է, որպեսզի նրանք հեռախոսազանգի կամ տեսակապի օգնությամբ կապ հաստատեն Հայաստանում կամ արտերկրում գտնվող իրենց հարազատների հետ։ Նրանցից 20-ին մարդասիրական օգնություն են ցուցաբերել՝ սնունդ կամ հիգիենայի պարագաներ, նաև բժշկական օգնություն են տրամադրել։

«Ազատություն»․ - Սնունդ հայթայթելու հետ կապված խնդիր ունե՞ն Արցախում մնացած հայերը, որ Կարմիր խաչը նրանց սնունդով է օգնում։

Ամատունի․ - Այս պահի դրությամբ, բնականաբար, ծառայությունների հետ կապված հարցերը դեռևս, մեր պատկերացումով, որոշակի խնդիրներ կան այդ առումով, բնականաբար մենք, որպես մադասիրական կառույց, փորձում ենք աջակցել և հնարավորինս օգնել մարդկանց։

«Ազատություն»․ - Եթե բժշկական ծառայության կարիք է լինում, Կարմիր խաչը ինչպե՞ս է աջակցում։

Ամատունի․ - Բնականաբար, Ղարաբաղում կա մեր կազմակերպության ներկայացուցիչ բժիշկ, այդ 20 անձանց տեսակցել է նաև բժիշկը, զննել է նրանց առողջական վիճակը, անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք դեղորայք։

«Ազատություն»․ - Արցախում ապրող հայերից ահազանգեր ստացե՞լ եք։

Ամատունի․ - Քաղաքացիական անձանց պաշտպանությունը մեր ուշադրության կենտոնում է։ Ցանկացած անհանգստություն, որ ունենում ենք, մենք դրանք չենք հրապարակում, մենք դրանք ուղղում ենք այն իշխանություններին, ովքեր ունեն դերակատարում։

XS
SM
MD
LG