Մատչելիության հղումներ

ԵՄ-ն «կուժեղացնի ջանքերը՝ կյանքի կոչելու Արևելյան գործընկերության վերականգնման, բարեփոխումների օրակարգը»


Բրյուսելում կայացել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը։

Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է՝ Եվրամիությունը կուժեղացնի ջանքերը՝ կյանքի կոչելու Արևելյան գործընկերության վերականգնման, բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև դիմակայելու մարտահրավերները, որոնք բխում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից և սպառնալիք են ողջ տարածաշրջանի համար։

Հանդիպման օրակարգում էին Արևելյան գործընկերության կողմից անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարմանը, Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացման արագացմանը, օրինակ, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Բալկանների հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Արտգործնախարարները նաև քննարկել են համագործակցությունը, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, կանաչ և թվային անցման ոլորտներում, ինչպես նաև մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, օրենքի գերակայությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

Բորելն է նաև նիստի արդյունքներով X-ում գրառում կատարել, մասնավորապես նշելով, որ Արևելյան գործընկերության ամենամյա նախարարական հանդիպման ժամանակ վերահաստատել են վճռականությունը՝ տարածաշրջանային համագործակցությունը ընդլայնելուն զուգահեռ ամրապնդել նաև տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը։

Բորելը նաև ողջունել է Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովը Վարշավայում անցկացնելու Լեհաստանի առաջարկը։

Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը մասնակցել են ԵՄ արտաքին գործերի նախարարները և նրանց Արևելյան գործընկերության վեց երկրներից հինգի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Դատարկ էր միայն Բելառուսի աթոռը, որի նախագահի դեմ միությունը պատժամիջոցներ է սահմանել։

Համաժողովը նախագահում էր Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG