Դեկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 6-ին Բրյուսելում տեղի կունենա 2009 թվականին Եվրոպական միության նախաձեռնած «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների համաժողովը:
Միջոցառմանը կմասնակցեն ծրագրին անդամակցող վեց պետություններից հինգի՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերտատեսչությունների ղեկավարները: Պատժամիջոցների ենթարկված Բելառուսը վերջին տարիներին հրավերներ չի ստանում:
Համաժողովում նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին։
Նախարարները պետք է կարծիքներ փոխանակեն «Արևելյան գործընկերության» ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկեն կատարած աշխատանքները և 2024 թվականի առաջնահերթությունները:
Նախարարներին ուղերձներով կդիմեն նաև «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչները: