Մատչելիության հղումներ

Զելենսկին մեկնում է Միացյալ Նահանգներ


ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դեկտեմբերի 12-ին հրավիրել է Սպիտակ տուն՝ ընդգծելու Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ժողովրդին աջակցելու անսասան հանձնառությունը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի հրատապ կարիքները և այս կրիտիկական պահին Միացյալ Նահանգների շարունակական և կենսական կարևորության աջակցությունը Ուկրաինային, ասված է հաղորդագրությունում։

Զելենսկիի գրասենյակը հայտնել է, որ ուկրաինայի առաջնորդը դեկտեմբերի 11-ին կժամանի Վաշինգտոն՝ վաղը Սպիտակ տանը «հանդիպումների և քննարկումների շարք է նախատեսված»:

Օրակարգում, ըստ Կիևի, մասնավորապես, զենքի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության համատեղ նախագծերն են։

Չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչերին ԱՄՆ Սենատն անցած շաբաթ արգելափակեց Ուկրաինային 106 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու Բայդենի խնդրանքը՝ նախագծում ներգաղթի բարեփոխումների դրույթների բացակայության պատճառով։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ իր ելույթում կոչ էր արել Կոնգրեսին արագ հավանություն տալ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ավելացմանը՝ նախազգուշացնելով, որ հակառակ պարագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհամարձակվի ավելի շատ տարածքներ գրավել։

«Եթե Պուտինը գրավի Ուկրաինան, նա դրանով կանգ չի առնի», - ասել է Բայդենը՝ շարունակելով՝ Պուտինը կարող է փորձել իր զորքերը ուղարկել ՆԱՏՕ-ի երկիր, եթե վերցնի Ուկրաինան:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Պուտինը հաղթի: Դա բխում է մեր ճնշող ազգային շահերից»,- ասել է Բայդենը:

XS
SM
MD
LG