Մատչելիության հղումներ

Կիևն զգուշացրել է Մոսկվային՝ կարող է պատասխան հարված հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին


Պաշտոնական Կիևն այսօր զգուշացրել է՝ եթե Ռուսաստանն առաջիկա ձմռանն էլ ռմբակոծի ուկրաինական էներգետիկ օբյեկտները, ինչպես անցած տարի, Ուկրաինան պատասխան հարված կհասցնի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։

«Այս տարի մենք ոչ միայն կպաշտպանվենք, այլև կպատասխանենք» - գրել է Զելենսկին Տելեգրամի իր էջում։

Այս գիշեր Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինային «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով և առնվազն 35 ռումբ նետել Խերսոնի շրջանի վրա։ Կան զոհեր ու վիրավորներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն, իր հերթին, այցելել է գրավյալ Դոնեցկի շրջան, մեդալներ ու պարգևներ հանձնել Ուկրաինայի դեմ պատերազմող զինվորներին։

Ռուսական ուժերը հինգ օրում 24 ուկրաինական ինքնաթիռ են խոցել, ասել է Սերգեյ Շոյգուն, սակայն հստակ չի ասել՝ որտեղ են այդ ինքնաթիռները խոցվել և երբ։ Անկախ աղբյուրները այս տեղեկությունը չեն հաստատել։

Մինչ այդ պաշտոնական Կիևը դիմում է Արևմուտքին՝ հորդորելով չմոռանալ Ուկրաինայի մասին, հատկապես հիմա, երբ ուշադրությունը սևեռված է Իսրայելի և «Համաս»-ի օր օրի սրվող հակամարտության վրա։ Ուկրաինան, մասնավորապես, Գերմանիայից ակնկալում է ևս մեկ «ձմեռային օգնության փաթեթ»՝ 1,4 միլիարդ եվրոյի չափով, որը կուղղվի առաջին հերթին հակաօդային պաշտպանության ամրապնդմանը, հայտնել է վարչապետ Դենիս Շմիգալը։ Ֆինանսական ու ռազմական աջակցությունից բացի, Կիևը նաև ակնկալում է մինչև տարվա վերջ Եվրամիությանն անդամակցելու հրավեր ստանալ, հայտարարել է երկրի նախագահը։

«ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը նաև էական գործնական ազդեցություն կունենա մեր ողջ ժողովրդի և մեր մարտիկների համար։ Մոտիվացիան նույնպես զենք է, և այն պետք է լիցքավորվի: Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու ԵՄ որոշումը հզոր խթան կլինի ուկրաինական մոտիվացիայի համար», - ասել է Զելենսկին։

Պատերազմն արեն վեց հարյուր օրից ավելի է շարունակվում, երկու կողմերն էլ մտադիր են ակտիվացնել ռազմական գործողությունները։

Բանակցություններ չկան, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները դեռևս կապի մեջ են միմյանց հետ և փորձում են հումանիտար հարցեր լուծել, այդ թվում՝ գերիների և զոհվածների դիեր փոխանակել և Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաներին վերադարձնել հայրենիք, գրում է Washington Post-ը։

Ուկրաինայի արտաքին հետախուզության աշխատակից Դմիտրի Ուսովը, որը ղեկավարում է գերիների փոխանակման համակարգման կենտրոնը, հաստատել է այս տեղեկությունը։ Նշվում է, որ որոշ դեպքերում բանակցությունները տեղի են ունենում միջնորդների մասնակցությամբ, այդ թվում՝ Թուրքիայի, Վատիկանի, Պարսից ծոցի երկրների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։ Երբեմն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները շփվում են անձամբ՝ Ստամբուլում կամ հեռախոսով։

Ըստ Օլեգ Կոտենկոյի, որը նախկինում եղել է Ուկրաինայի ներկայացուցիչներից մեկը սպանվածների մարմինների փոխանակման շուրջ բանակցություններում, մինչև օրս մոտ 1700 դի է վերադարձվել Ուկրաինա։ Ռուսաստանի իշխանությունները իրենց վիճակագրությունը չեն տրամադրում։ Հայտնի է միայն, որ փոխանակումները սովորաբար տեղի են ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին՝ Սումիի շրջանում, որտեղ ներկայումս ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում։ Վատիկանի միջնորդությամբ Ուկրաինան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակման շուրջ։ Կատարը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ միասին հանդես է գալիս որպես միջնորդ՝ Ուկրաինայից Ռուսաստան տարված երեխաների վերադարձի հարցում։

Կիևն զգուշացրել է Մոսկվային՝ կարող է պատասխան հարված հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG